Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի մամուլ


Աստրախանյան եռակողմ հանդիպման կապակցությամբ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է, թե այդ հանդիպմանը օրակարգը թերեւս ամենից շատ հետաքրքրում է Սերժ Սարգսյանին` հիմնավորելով. - «Բանն այն է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտեր, որ «շեֆն» անսպասելիորեն իրենց հրավիրելու է «ծանրաձողի մոտ»: Իսկ մնան շտապողականությունը, որպես կանոն, ոչ մի լավ բան չի խոստանում: Մեկ էլ տեսար` ինչ-որ նոր հռչակագիր կամ «ճանապարհային քարտեզ» դեմ տվեցին: Այսպես թե այնպես, այդ հանդիպման արձագանքները շատ չեն ուշանա. ոնց էլ լինի` կողմերից մեկն ինֆորմացիայի արտահոսք կկազմակերպի»:

«Ժամանակ»-ն անդրադառնում է Աստրախանում ծավալվող իրադարձությունների մեկ այլ ասպեկտի` Հեյդար Ալիեւի արձանի բացման արարողությանը. - «Փաստորեն Հայաստանը դեռեւս հանդիպումից առաջ ստանում է արդեն երկրորդ դիվանագիտական ապտակը: Նախ, եռակողմ հանդիպումը նշանակվեց հոկտեմբերի 27-ին` Հայաստանի համար բավական խորհրդանշական մի օր, երբ 11 տարի առաջ, ըստ էության, գլխատվեց երկրի իշխանական վերնախավը: Եվ ահա նման ողբերգական օրը հանդիպում կազմակերպելուց բացի, Ռուսաստանը փաստորեն հանդիպումը կազմակերպում է Հեյդար Ալիեւի հուշարձանի բացման առիթով, ինչը, անկասկած, երկրորդ դիվանագիտական ապտակն է Հայաստանին: Եվ այդ պայմաններում Սերժ Սարգսյանը համաձայնում է հոկտեմբերի 27-ին եւ Հեյդար Ալիեւի արձանի բացման առիթով մեկնել Աստրախան ու հանդիպել Մեդվեդեւի ու Ալիեւի հետ: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են, քանի որ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանության համար ավելորդ է նաեւ «ազգային արժանապատվություն» ասված հասկացությունը»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Վաղ թե ուշ աշխարհը կհասկանա, որ ընդամենը հարյուր տարվա, այն էլ կցկտուր պատմություն ունեցող պետությունը չի կարող մրցել հայ ազգի, հայոց պետության հետ, որը ութհազարամյա մշակույթ, գիր ու գրականություն ունի: Ալիեւը պետք է հասկանա, որ գրերի ստեղծումից հետո ազգերը բաժանվել են գրող ու արտագրող մասերի: Երբ Ադրբեջանը առաջացավ, աշխարհի պատմությունն արդեն գրված էր»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Առաջին երեք քայլերը, որոնք պետք է անի մեր իշխանությունը` Հայաստանի ներքին եւ, հետեւաբար, արտաքին իրավիճակը շտկելու համար, ակնհայտ են. ա/ ազատ արձակել քաղբանտարկյալներին, բ/ եթեր վերադարձնել «Ա1+»-ը, գ/ թույլատրել ընդդիմության հանրահավաքները Ազատության հրապարակում: Բանն այն է, որ իրավիճակը վտանգավոր է ոչ միայն երկրի, այլեւ հենց իրենց` իշխանությունների համար: Ես հասկանում եմ, թե ինչու նրանք դա չեն գիտակցում` իրենց թվում է, որ իրենք ուժեղ են, ամուր են, անտապալելի, իսկ վերոհիշյալ երեք քայլերը որոշ չափով կսասանեն իրենց աթոռները` ավելորդ տեղերում «ավելորդ բաներ» են խոսվելու նրանց հասցեին, ինչը իզուր գլխացավանք է պատճառելու: Բայց դա պատրանք է, որն ունեին նաեւ նախորդ իշխանությունները, երբ արգելքի տակ էին պահում Դաշնակցությունը եւ փակել էին նրանց թերթերը: Դա, ինչպես հայտնի է, չամրապնդեց նրանց աթոռները եւ չկանխեց իշխանափոխությունը»:

Իրանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու առաջարկի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Մենք Իրանին առաջարկելու ոչինչ չունենք, բացի մեր ոչխարներից: Իսկ մոտ 70 միլիոն բնակչություն ունեցող Իրանի համար մենք լավ էլ շուկա ենք: Մի հաշվարկ ներկայացնենք: Մեկ շնչի հաշվով յուրաքանչյուր հայաստանցի 2009 թվականին սպառել է 67 դոլարի իրանական արտադրության ապրանք: Իսկ յուրաքանչյուր իրանցի այդ նույն տարվա ընթացքում սպառել է 27 ցենտի հայկական ապրանք: Հիմա հնչում է առաջարկ վեց անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը: Ինչի՞ հաշվին»:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Երեւանում բնակարանային գողության նոր մեթոդ է մշակվել. - «Գողություն են անում գիշերը, երբ մարդիկ քնած են: Նախապես ուսումնասիրում են մուտքի բնակարանների դռների փականները եւ գիշերով, երբ տանտերերը քնած են լինում, անցնում գործի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG