Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի ընկալման համաթիվը «դանդաղ հետընթաց է ապրել»


Transparency International կազմակերպության` երեքշաբթի օրը հրապարակած տվյալերի համաձայն, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը դանդաղ հետընթաց է ապրել:

«Խոսքը ե'ւ վարչական, ե'ւ քաղաքական կոռուպցիայի մասին է», - հայտարարեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վարուժան Հոկտանյանը` շարունակելով. - «Իսկապես ֆիքսել որպես նահանջ, չենք կարող: Մենք, բնական է, չենք կարող ասել, որ կա առաջընթաց, դա բացառվում է: Ուղղակի տարիների կտրվածքով կարող ենք ասել, որ ստագնացիոն վիճակ է տիրում` դեպի ներքեւ իջնող»:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ինդեքսը) հաշվարկվում է ինչպես հայաստանցի, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող փորձագետների ու գործարարների շրջանում անցկացվող անանուն հարցումների միջոցով:

Նախկին խորհրդային երկրների շարքում առավել քիչ կոռուպացվածը, ըստ այսօր հրապարակված տվյալների, Էստոնիան է: Վրաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 68-րդն է. Հայաստանը 55 կետով հետ է: Ադրբեջանցիների ընկալմամբ` կոռուպցիան (Հայաստանի համեմատությամբ) առավել տարածված երեւույթ է:

Հայաստանի դեպքում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2.6 տոկոս է: 3-ից ցածրի դեպքում, Վարուժան Հոկտանյանի խոսքով, համարվում է, որ երկրում համակարգային կոռուպցիա կա:

«Մեզ մոտ կոռումպացված են բոլոր ոլորտները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա գնահատմամբ` մեր երկրում հակակոռուպցիոն միջոցառումները որեւէ արդյունք չեն տալիս:

«Միջոցառումները անցկացնում են այն մարդիկ, որոնք հենց իրենք կոռուպցիայի մեջ խրված են», - հայտարարեց նա:

Հայաստանի նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կոռուպցիոն երեւույթներ կան ամբողջ աշխարհում»:

Նրա գնահատմամբ` Հայաստանում 2009-2010-ի հակակոռուպցիոն քայլերը «ավելի են արդիականացվել»:

Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության անցկացրած ուսումնասիրությանը, Կոստանյանի խոսքով` դրանցից յուրաքանչյուրը չափման իր մեթոդաբանությունն ունի, եւ իրենք նման ցուցանիշները միայն ի գիտություն են ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG