Մատչելիության հղումներ

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե մինչեւ ռեկտորի նոր ընտրությունները ինքը ուսանողներին հորդորել է ստորագրահավաք կազմակերպել ուսխորհրդի դեմ, որպեսզի վերջինս ընտրություններում չկարողանա սատարել այլ թեկնածուի:

«Եթե ինչ-որ տարաձայնություններ լինում են, մենք լուծում ենք շատ հանգիստ, դա ամենօրյա գործունեություն է», - պնդեց ռեկտորը:
Ըստ մամուլի որոշ հրապարակումների` ԵՊՀ նախկին պրոռեկտոր, այժմ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նույնպես պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ռեկտորի ընտրություններում: Համալսարանի կառավարման խորհրդի 25 տոկոսը բաղկացած է ուսանողներից, ըստ լուրերի` սա է պատճառը, որ սպասվող ընտրություններում այսքան կարեւորվել է ուսխորհրդի դերը:

Անդրադառնալով հարցին, թե իբր բախվել են Արամ Սիմոնյանի ու Արսեն Քարամյանի շահերը, եւ որ այս ամենում իր դերակատարությունն ունի նաեւ ուսխորհուրդը, ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դրանք շահարկումներ են:

Ակտուար մաթեմատիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գարեգին Համբարձումյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաք կազմակերպողներից մեկն էլ ինքն է: Ըստ նրա` ստորագրահավաքը նպատակ է ունեցել ուսանողներին տեղեկացնել, որ «կայացել են կառավարման խորհրդի ընտրություններ, որի մասին իրենք չեն իմացել»:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյան
Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ բուհում կազմակերպված ստորագրահավաքի մասին ինքը տեղեկացել է մամուլից, եւ բամբասանք որակեց այն լուրերը, թե ուսխորհրդի եւ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջեւ որոշ տարաձայնություններ են ի հայտ եկել: Ցոլակ Ակոբյանը չբացառեց, որ ռեկտորի առաջիկա ընտրություններում իրենք գուցե սատարեն հենց Արամ Սիմոյանին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG