Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «մեծ ակնկալիք չունի» աստրախանյան հանդիպումից


ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ըստ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, «մեծ ակնկալիք չունի» չորեքշաբթի օրը Աստրախանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Ռուստամյանն ասածը հիմնավորեց նրանով, թե Ադրբեջանը չի պատկերացնում, որ հարցը պետք է լուծվի «առաջնային կերպով ճանաչելով Ղարաբաղի կարգավիճակի եւ ժողովրդի անվտանգության հարցերը», մինչդեռ Ադրբեջանը հավատարիմ է մնում իր կոշտ դիրքորոշմանը, թե առաջին «հերթին պետք է վերադարձվեն օկուպացված տարածքները»:

Խոսելով բանակցությունների ներկայիս փուլի մասին` Դաշնակցության ղեկավար անդամը համոզմունք հայտնեց, թե միջնորդների կողմից փորձ է արվում կողմերին խաղաղություն պարտադրել, եւ հենց այդ տրամադրության շրջանակներում էլ տեղի կունենա եռակողմ հանդիպումը:

«Միջնորդները համոզելու փուլից փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլ, որը նշանակում է, որ ինչ-որ փաթեթ` սկզբունքներով հանդերձ, պետք է հիմք հանդիսանա այդ խաղաղության համար», - ասաց Արմեն Ռուստամյանը հավելելով. - «Սա շատ վտանգավոր է: Եթե սրա վրա պետք է մեզ պարտադրեն խաղաղություն, նշանակում է մենք այստեղ իսկապես կորցրել ենք այն, ինչ որ ի սկզբանե հետապնդում էինք»:

Հարցին, թե, իր կարծիքով, ինչ խնդիր է լուծվելու առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում, Ռուստամյանը արձագանքեց. - «Այդ տրամաբանությունն է պահպանվելու: Խաղաղության պարտադրման հաջորդ քայլին կարող է ականատես լինենք` առավելագույնս: Եվս մեկ անգամ շատ խիստ կերպով կոչ արվի, որ արագացնեն այս սկզբուքների հիման վրա բանակցությունները եւ անցնեն արդեն հաշտության մեծ պայմանագրի վրա աշխատանքներին»:

Ասուլիսում Դաշնակցության ղեկավար անդամը խոսեց նաեւ առաջիկա ընտրությունների մասին: Նա նշեց, որ իրենց կուսակցության դերն այն է լինելու, որ կարողանան իշխանափոխությունն իրականացնել «նորմալ ընտրական գործընթացների միջոցով»:

«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ այդ Ազգային ժողովի ընտրությունները [2012-ին] բացասական լիցքեր չկուտակեն` անվստահության հետ կապված: Իսկ եթե կուտակեցին, ուրեմն տեղ կա դեռեւս նախագահական ընտրություններում [2013-ին] այդ ամբողջ լիցքերը վերածել իրական ձայների եւ դրա միջոցով իշխանափոխության հնարավորությունները ավելի դարձնել իրական», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG