Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:

ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը եւ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։

Իրանական ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ, Ահմադինեջադը, մասնավորապես, ասել է. - «Տարածաշրջանի երկրները հնարավորություն ունեն բավարարելու իրենց բոլոր կարիքները եւ տարածաշրջանում անվտանգություն ապահովել երկկողմ հարաբերությունները ընդլայնելու միջոցով»:

Զրուցակիցները կարեւորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար։

Նախօրեին Տիգրան Սարգսյանը հանդիպել էր Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հետ: Հանդիպմանը Ռահիմին ասել էր, թե Իրանը ոչ մի սահմանափակում չի տեսնում Հայաստանի հետ հարաբերություններն ու կապերը զարգացնելու համար։

Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը Իրանի փոխնախագահը գնահատել է որպես կարեւոր քայլ երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Տիգրան Սարգսյանը երկուշաբթի օրն է ժամանել Թեհրան՝ պաշտոնական երկօրյա այցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG