Մատչելիության հղումներ

ԱԺ ղեկավարությունը վաղը կքննարկի ԼՂ ճանաչման հարցը


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի օրը չբացառեց, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը պայմանավորված լինի վաղը Աստրախանում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքներով:

«Իմ ցանկությունն է: Իսկ եթե նախագահը հանդիպումից հետո մեզ առաջարկի, որ մենք ընդունենք, ճանաչենք Ղարաբաղի անկախությունը` մեծ սիրով: Կարող է», - ասաց խորհրդարանի խոսնակը:

Նա նաեւ փոխանցեց, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, նշված օրինագիծը քվեարկության կդրվի հոկտեմբերի 27-ին կամ 28-ին` «եթե դրա հեղինակները չհետաձգեն քվեարկությունը»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնենք, երեկ ասել էր, որ իրենք համաձայն են նախագիծը քվեարկության չդնել` պայմանով, որ հարցը մտնի խորհրդարանի մեծ օրակարգ:

«Ես իրենց առաջարկել եմ: Ասել եմ` առաջարկեք քվեարկությունը հետաձգել երկու ամսով, միգուցե փորձենք մենք հանդիպել, քննարկել եւ այլն», - այս կապակցությամբ այսօր ասաց Աբրահամյանը` հավելելով. - «Մենք ուզում ենք, որ այդ [Լեռնային Ղարաբաղի] խնդիրը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում եւ չենք ուզում որեւէ քայլ կատարել, որը կխանգարի այդ բանակցություններին: Սա է մեր մոտեցումը: Իսկ որ պահին որ երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը դե յուրե, անպայման մենք շատ արագ կնախաձեռնենք: Նույնիսկ արտահերթ նիստով շատ արագ դա կանենք»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի օրը այս հարցով խորհրդակցության է հրավիրել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարաներին:

Օրինագծին անդրադարձեր եղան նաեւ խորհրդարանում հայտարարությունների ժամանակ: «Ժառանգության» պատգամավորները փաստարկում էին, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը «բանակցությունները ճիշտ հուն տեղափոխելու, դրանցում հայոց շահը ապահովելու եւ Արցախի ինքիշխանությունը փրկելու ամենակարճ ուղին է» (Ստեփան Սաֆարյան) եւ «Հայաստան - Արցախ միջպետական հարաբերություններն օրինականացնելու միակ ճանապարհն է» (Լարիսա Ալավերդյան):

Իշխող Հանրապետականի պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը «չի կարելի շահարկել»` շարունակելով. - «[«Ժառանգության» նախաձեռնությունը] Կարելի է բնութագրել որպես նախապես պլանավորված ներկայացում»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով օրինագծին` նշեց, որ թեեւ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու, սակայն համարում են, որ «չէր կարելի հարցը հասցնել քվեարկության», որովհետեւ, եթե օրինագիծը քվեարկվի եւ չհաստատվի, դա «մեծ վնաս կհասցնի ղարաբաղյան խնդրին»:

«Ժառանգությունը չպետք է բերեր-հասներ նրան, որ անպայման դա պիտի քվեարկվի, երբ որ գիտես, որ չի անցնելու: Սա անընդունելի է: Բայց նաեւ մեծամասնության պահվածնք է անհասկանալի. եթե մեծամասնությանը թվում է, թե պատասխանատվությունը այս ամեն ինչից հետո մնալու է «Ժառանգության» վրա, չարաչար սխալվում է», - հայտարարեց նա` պարզաբանելով. - «Դրսում չեն ուսումնասիրում այս խոհանոցը, թե ով ինչ պատճառով քվեարկեց կամ չքվեարկեց: Դուրսը վերլուծելու է եւ ասելու է, որ չանցավ օրինագիծը, ուրեմն առնվազն կողմ չէին, որ Ղարաբաղի ճանաչումը տեղի ունենա Ազգային ժողովում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG