Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 26-ի մամուլ


Անդրադառնալով վաղը Աստրախանում կայանալիք Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ եռակողմ հանդիպմանը` «Հրապարակ»-ը գրում է. - «Երբ մտաբերում ես, թե նմանատիպ ֆորմատով սա որերորդ հանդիպումն է եւ որքան այսպիսի անարդյունք հանդիպումներ են եղել եւ դեռ քանիսն են լինելու, հասկանում ես, որ Աստրախանում տեղի ունենալիքը ոչնչով չի առանձնանում մյուսներից: Միակ բանը, թերեւս, որ կարելի է արձանագրել, Ռուսաստանի ակտիվացումն է ղարաբաղյան խնդրի ակտիվացման հարցում եւ Մինսկի խմբի` որպես հարցի լուծման միակ ձեւաչափի դուրսմղումը պրոցեսից: Անշուշտ, կարելի է սրան առարկել, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, իր պարտականություններն է կատարում, սակայն ակնհայտ է, որ համանախագահողների մեջ տարբերակում է առաջացել, եւ Ռուսաստանի գերիշխող դիրքն անզեն աչքով է նկատելի»:

«Կապիտալ»-ին տված հարցազրույցում ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, համեմատելով հայ-ռուսական եւ ադրբեջանա- ռուսական գործընկերությունների մակարդակները նշում է. - «Ինչ վերաբերում է հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա այդ երկու հարաբերությունները համեմատվելու եզրեր չունեն։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական են, եւ յուրաքանչյուր մարդ, որը կկարդա հայ-ռուսական արձանագրությունները, որոնք կնքվել են Երեւանում, եւ այն արձանագրությունները, որոնք կնքվել են Բաքվում, կhասկանա, թե տարբերությունը որքան ակնհայտ է»։

«Իրատես de facto» թերթին տված հարցազրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, մասնավորապես, գնահատում է Հայաստանի ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում առկա պատկերը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր բեւեռը միատարր չէ, ՀՅԴ-ն ՀԱԿ-ին խիստ արմատական է համարում, պարզ չէ` «Ժառանգություն»-ը Կոնգրեսին կմիանա՞, թե՞ ոչ, Սարգսյանը արձագանքում է. - «Հայաստանում կարող է լինել միայն արմատական ընդդիմություն, որովհետեւ ընդդիմություն խաղալով այս իրավիճակը չես կարող փոխել: Միայն արմատական ընդդիմությամբ կարող ես դրական արդյունք ապահովել: Մեկ տասնամյակից ավելի հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային տեռոր: Այս ամենը մարդկանց մղում է տոտալ արտագաղթի, երկիրը լքում են շարքային քաղաքացին, մտավորականը, ազնիվ գործարարը: Եթե սրա դեմն արմատական ընդդիմությունը չկարողանա առնել, երկիրը կործանվելու է: Եթե այս իրավիճակով հերթը հասնի հերթական ընտրություններին, կարող ենք այլեւս չմասնակցել»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ անցած կիրակի` հոկտեմբերի 24-ին Տաթեւում հավաքված բազմությունը ականատես եղավ, թե ինչպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին շահագործումից մեկ շաբաթ անց կանգ առավ: Ճոպանուղու երկու վագոնները` մեկը` Հալիձորից Տաթեւ, մյուսը` Տաթեւ-Հալիձոր, կեսճանապարհին մոտ 50 ուղեւորով 40 րոպե մնացին օդում: Հալիձորից Տաթեւ եկող վագոնում է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ճոպանուղու անվտանգության աշխատակիցների տեղեկատվությամբ` անվտանգության ավտոմատ համակարգչային սարքերն ինչ-որ տեխնիկական խնդիրներ են արձանագրել: Օդում մնացած ուղեւորներից ոմանք, ըստ «Առավոտ»-ի, վատացել էին: Գրանցված դեպքից հետո ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է: Թերթն այնուհետեւ գրում է. - «Կիրակի օրը Տաթեւի վանքում նշվում էր Գյուտի խաչի օրը եւ Տաթեւի վերածնունդը, որն ուղեկցվեց մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների կատարումներով: Տաթեւում էին բազմաթիվ հյուրեր` մարզի տարբեր քաղաքներից, մայրաքաղաքից, հանրապետության այլ բնակավայրերից եւ արտերկրից: Տոնախմբության ժամանակ Սյունիքի մարզպետը, նախքան օդում կախված մնալը, իր ելույթում նշել էր, որ ունենալով այսպիսի ճոպանուղի` Սյունիքը կդառնա տուրիզմի իսկական կենտրոն»:

«Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Թեեւ Կենտրոնական բանկն ու կառավարությունը միջոցներ են ձեռնարկում մեղմելու գների բարձրացումը, այնուհանդերձ դրանից վիճակը շատ չի փոխվում։ Ընդհակառակը, բազմաթիվ լայն սպառման ապրանքներ, թեկուզ դանդաղ, բայց շարունակում են թանկանալ։ Չնայած դրան, կառավարությունն ու ԿԲ¬ն հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի գնաճը ընդհուպ մոտեցնել նախատեսված տիրույթին։ Ակնկալվում է, որ գնաճը մոտ կլինի սահմանված առավելագույն մակարդակի վերին սահմանին. այլ կերպ ասած, կտատանվի 5,5-6,5 տոկոսի սահմաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG