Մատչելիության հղումներ

Աստրախանում կայանալիք հանդիպումը «անակնկալ չէ»


Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: 17-ը հունիսի, 2010թ.

Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: 17-ը հունիսի, 2010թ.

Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ եռակողմ հանդիպումը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը «անակնկալ չէ»:

«Սա սովորական ռեժիմով կազմակերպված հանդիպում է, ինչպես նախորդ բոլոր հանդիպումները», - ընդգծեց Արզումանյանը:

Մինչեւ անցած շաբաթավերջը, երբ հայտնի դարձավ այս հանդիպման մասին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման վայր էր նշվում Աստանան` դեկտեմբերի սկզբին այդտեղ կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում:

«Չեմ կարծում, որ [Աստրախանի հանդիպումը] անակնկալ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շարունակելով. - «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ վերջին շրջանում բավականին ակտիվ ներգրավված է բանակցային պրոցեսում»:

Շարմազանովը, այդուհանդերձ, չբացառեց, որ եռակողմ հանդիպումը կազմակերպելու առիթներից կարող էին լինել Ադրբեջանի իշխանությունների վերջին շրջանի հակահայկական հայտարարությունները, որոնց անցած շաբաթ հակադարձել էր Հայաստանի նախագահը:

«Չեմ բացառում, որ առիթներից մեկը նաեւ դա է: Բայց հիմնական պատճառը նա է, որ բանակցությունների պետք է շարունակվեն եւ խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ քաղաքական բանակցությունների արդյունքում», - նշեց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով, որ, իր կարծիքով, այդ հանդիպումը «շրջադարձային» չի լինի:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ակնհայտ է համարում, որ այսօր առկա է Հայաստան - Ադրբեջան – Ռուսաստան ձեւաչափով «լուրջ բանակցային գործընթաց», որտեղ Մինսկի խմբի ազդեցությունը նվազում է:

«Այսօր կարծես ղարաբաղյան խնդրում գնում է կարգավորման դե ֆակտո ֆորմատ, գործընթաց, որում Ռուսաստանի դերը աճում է: Եվ Մինսկի խումը ինչ-որ իմաստով դառնում է ձեռք բերված համաձայնությունների լեգիտիմացման, միջազգայնացման խողովակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Այսօր ամբողջ ռազմաքաղաքական բալանսը օրըստօրե փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Նման վիճակում ինչ ֆորմատ էլ լինի, պրոցեսները շարունակելու են գնալ հօգուտ Ադրբեջանի»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG