Մատչելիության հղումներ

Լրտեսության համար մեղադրվող Հայաստանի ու Իրանի քաղաքացիները դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը հրապարակեց պետական դավաճանության եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանի եւ Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի նկատմամբ դատավճիռը:

Գեւորգ Հայրապետյանը դատապարտվեց 12 տարվա, իսկ Բեհնամ Բաղերին` 10 տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի, ազգությամբ ազերի Բեհնամ Բաղերին Գեւորգ Հայրապետյանից, ով ղարաբաղյան պատերազմի հայտնի հրամանատարներից է, 2009 թվականի սեպտեմբերին ստացել է մի տեսասկավառակ, որը Հայաստանից դուրս գալիս Մեղրիի անցակետում հայտնաբերվել է իրանցու պայուսակում։ Տեսասկավառակում եղել են հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր, որոնք «կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար»։

Հայրապետյանի եւ Բաղերիի փաստաբանները պնդում են, որ իրականում ապացույցներ չեն եղել, եւ հայտարարեցին, որ բողոքարկելու են դատավճիռը:

«Առաջիկայում մեզ կտրամադրեն դատավճիռը, մենք կսկսենք հրապարակել նաեւ այն ապացույցները, որոնց ուժով փորձում են Գեւորգ Հայրապետյանին վարկաբեկել, եւ դուք էլ կտեսնեք, որ այդ ապացույցների մեջ ոչինչ չկա: Գեւորգ Հայրապետյանի արխիվը երբեք չէր կարող իր դեմ օգտագործվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայրապետյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը` վստահություն հայտնելով, որ ի վերջո իր պաշտպանյալը կարդարացվի:

Հայրապետյանը, հիշեցնենք, 1994-2007 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության համակարգում, պահեստազորի փոխգնդապետ է, արժանացել է մի շարք շքանշանների ու մեդալների:

Բեհնամ Բաղերիի եղբոր պնդմամբ, իր եղբայրը 5-ամյա կրթություն ունի, ոչխար է պահում Իրանի ադրբեջանաբնակ շրջաններից մեկում եւ առաջին անգամ էր այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG