Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը պահանջում է 8 տարվա ազատազրկման դատապարտել նախկին ոստիկանին


Մեղադրյալ Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) դատավարության ժամանակ:

Մեղադրյալ Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) դատավարության ժամանակ:

Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել:

Հարությունյանը, ով չի ընդունում իր մեղքը, մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության:

Մեղադրող կողմը նաեւ պահանջեց նույն բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Մորես Հայրապետյանին դատապարտել 2 տարվա, իսկ օպերլիազորներ Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին` 1.5 տարվա ազատազրկման եւ նշանակել մինչեւ 2 տարի փորձաշրջան: Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար:

Մեղադրող Հարությունյանը հակադարձեց տուժող կողմի պնդմանը, որ 24-ամյա Վահան Խալաֆյանին սպանել են ոստիկանությունում, եւ որ նրա սպանության մեջ մեղավոր են ամբաստանյալի աթոռին չհայտնված բարձրաստիճան ոստիկաններ եւս (այդ թվում` բաժնի պետի օպերատիվ աշխատանքի գծով տեղակալ Սամբել Տոնոյանը):

«Թող որեւէ մեկը կոնկերտ մատնանշի այն անժխտելի ապացույցը, որը վկայում է, որ Խալաֆյանին ոստիկանները սպանել են», - եզրափակեց մեղադրողը:

«[Տոնոյանը] առնվազն չի կանխել Վահան Խալաֆյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները», - իր ճառում հակադարձեց Խալաֆյանի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանը:

Մեղադրական ճառում կային հատվածներ, որոնք նվիրված էին մեղադրական եզրակացությանը հակասող` Աշոտ Հարությունյանի աղմկահարույց հայտարարություններին: Ըստ մեղադրողների` այդ հայտարարություններով Աշոտ Հարույթունյանը նպատակ ուներ «համակրանք շահել»:

Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը` գնահատելով մեղադրական ճառը, հայտարարեց. - «Տպավորություն էր, որ մեղադրողները դատական նիստերին չեն եղել են»:

Հաջորդ նիստում նախատեսված է Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի ճառը:

XS
SM
MD
LG