Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է «ասիմետրիկ քայլերով», որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե պաշտպանական բնագավառի Ադրբեջանի ծախսերը հաջորդ տարի աճելու են շուրջ 90%-ով եւ կազմելու են մոտ 3.1 միլիարդ դոլար, մինչդեռ, նախնական տվյալներով` Հայաստանի ռազմական բյուջեն 2011 թվականին կազմելու է մոտ 385.5 միլիոն դոլար, ինչը շուրջ 8 անգամ քիչ է ադրբեջանականից:

«Ընդհանրապես ասիմետրիկությունը ռազմական արվեստում ենթադրում է հակառակորդին փոքր ուժերով, փոքր կարողություններով անընդունելի վնաս հասցնելը», - մանրամասնեց Դավիթ Տոնոյանը` պարզաբանելով «ասիմետրիկ քայլեր» ձեւակերպումը: - «Մենք զարգացնում ենք ռազմավարական զսպման համակարգը եւ դրանով իսկ Բաքվին պարտադրում ենք խաղաղություն», - շարունակեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Տոնոյանը հավելեց, թե Հայաստանի հետ բնակչությամբ ու տարածքով համեմատելի մի շարք եվրոպական երկրների ռազմական ծախսերը նույնպես մի քանի անգամ գերազանցում են հայկականը, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե այդ պետությունների ռազմական կարողություններն առավել են:

«[Ադրբեջանի] ռազմական ծախսերի աճը չի նշանակում զինված ուժերի մարտունակության բարձրացում», - կարծիք հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG