Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը կատարում է իր խոստումները, շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսին Լեռնային Ղարաբաղի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գնային քաղաքականության եւ որակի դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել, որին հետեւեց Յիրիկյանի ասուլիսը, որի ընթացքում էլ մի շարք խոստումներ տրվեցին:

Այդ խոստումները, ինչպես շաբաթ օրը լրագրողներին հավաստիացրեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործադիր տնօրենը, կյանքի են կոչվում:

Մասնավորապես, Յիրիկյանը կենտրոնացավ ինտերնետի ոլորտի վրա` ասելով. - «Իհարկե, հիմա ինչ ինտերնետ ունենք` այն ծավալը, որ կա, հասել է Արցախ, այն ծավալը չէ, որ մենք ուզում ենք, մենք ուզում ենք ավելի մեծ հնարավորություն` ծավալի եւ թողունակության առումով, բայց դա ժամանակավոր է: Հիմա, ինչ մենք բերում ենք, ես կարող եմ ասել, որ հուլիս ամսվա ընթացքում եւ օգոստոս ամսվա ընթացքում այն ինտերնետի ծավալը, որ կար Արցախում, արդեն 7 անգամ ավելի է դարձել` քանակության առումով, թողունակության առումով»:

Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը զուգահեռ սկսել է կառուցել օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը, որը պետք է ավարտվի մինչեւ հաջորդ տարվա սկիզբ: Նրա հավաստմամբ, այն հնարավորություն կտա ինտերնետի մեծ ծավալներ ներմուծել Ղարաբաղ` բավական էժան սակագներով, ինչն էլ անմիջապես կանդրադառնա սակագների վրա:

«Այս ժամանակավոր սակագնով մեգաբիթի արժեքը 15 դրամից իջել է որոշ տեղեր մեկեւկես անգամով, որոշ տեղեր հասել է մինչեւ երեք անգամ, այսինքն` 15 դրամից իջել է մեգաբիթի արժեքը, կարող ենք ասել, 10 դրամից մինչեւ 5 դրամ` տատանվում է: Այսինքն, կախված` որ փաթեթն է ընտրում բաժանորդը», - նշեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործադիր տնօրենը:

Հեռախոսակապի սակագների մասով, ըստ Յիրիկյանի, նույնպես աշխատանքներ տարվում են:

«Արդեն մենք քննարկում ենք կարգավորող հանձնաժողովի հետ այսպիսի սակագներ շարժական կապի ոլորտում, եւ երբ պատրաստ կլինեն, արդեն մենք կհայտարարենք: Այդ ուղղությամբ աշխատանքները գնում են», - այսպես արձագանքեց նա «Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը 4 ամսվա ընթացքում բջջային հեռախոսակապի սակագների հետ կապված փոփոխություն պատրաստելու` նախորդ հանդիպման ժամանակ իր տված խոստման մասին:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության միջեւ պայմանագիրը շարունակում է գաղտնի մնալ: Բայց Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն ասում է, որ այսօր այդ պայմանագիրը մի կողմ է դրվել. - «Այսօր մենք աշխատանքները չենք տանում պայմանագրի հիմունքներով կամ պայմանագրի կետերի համաձայն: Արդեն պայմանագրից բազմաթիվ առումով, բազմաթիվ կետերում մենք շեղվել ենք, եւ շեղվել ենք ի օգուտ մեր տնտեսության, մեր ծառայությունների որակի բարձրացման եւ ի օգուտ պետության: Արդեն էական պայմանագիրը մեզ համար նշանակություն չունի»:

Շաբաթ օրը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից 480 միլիոն դրամի ներդրման համաձայնագիր ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ: Ներդրումը կուղղվի, մասնավորապես, առողջապահական ոլորտին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG