Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 23-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է պահանջեն ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլեւ բոլոր ազնիվ մարդիկ` անկախ իրենց քաղաքական նախասիրություններից: Հարգանքի արժանի չեն այն քաղաքական գործիչները եւ մտավորականները, ովքեր վախից դրդված կամ Լեւոնից «աբիժնիկ» լինելու պատճառով լռում են այդ խնդրի մասին կամ ցինիկաբար հայտարարում են, թե մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան: Բայց իրատես լինենք եւ ընդունենք, որ եթե այդ հարցը լուծվի, ապա մեր` Հայաստանի քաղաքացիներիս դերակատարությունն այստեղ վճռորոշ չի լինելու: Իշխանությունը կարող է գնալ այդ քայլին միմիայն միջազգային կառույցների եւ առաջին հերթին, իհարկե, Եվրոպայի խորհրդի ճնշման տակ: Կլինի այդ ճնշումը մեծ` տղաները դուրս կգան բանտերից, կլինի թույլ` շատ հնարավոր է, ամեն ինչ շարունակվի նույն ձեւով: Հանուն արդարության պետք է ասել, որ Կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը ԵԽԽՎ-ում ակտիվորեն նպաստում են այդ խնդրի դրական լուծմանը, իսկ պատվիրակության իշխանամետ պատվիրակները, համենայնդեպս, կատաղի դիմադրություն ցույց չեն տալիս»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է.- «Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Աստրախանում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կշարունակեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Անսպասելի այս հանդիպման մասին տեղեկատվություն տարածեց ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Մի քանի օր առաջ խոսվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են նոյեմբերի 10-ին Ստրասբուրգում կայանալիք Եվրամիության նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որի ժամանակ պետք է նախապատրաստվեր երկու երկրների նախագահների հանդիպումը դեկտեմբերի 1-2-ին Աստանայում` ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովի շրջանակներում: Ընդհանրապես վերջին շրջանում տարբեր մակարդակներով հնչող հայտարարություններում որպես Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման վայր նշվում էր Աստանան, իսկ ժամկետը` դեկտեմբերի 1-2-ը: Ու ոչ մի խոսք մինչ այդ համանախագահող երկրներից որեւէ մեկի կողմից նախաձեռնվող որեւէ հանդիպման մասին: Այնպիսի տպավորություն է, որ Աստրախանում Մեդվեդեւի նախաձեռնությամբ հանդիպումը կազմակերպվել է ժամերի ընթացքում, կայծակնային արագությամբ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզորոշ արտահայտում է իր ցանկությունն առ այն, որ միջազգային կառույցները, Եվրախորհուրդը եւ ԵԽ ԽՎ-ն ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառեն Հայաստանի դեմ։ Պատկերացնենք, թե Եվրախորհուրդը հալած յուղի տեղ է ընդունում Տեր-Պետրոսյանի մաղձոտած պահանջները եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում որոշակի ժամկետով կասեցվում են Հայաստանի ԱԺ պատվիրակության լիազորությունները, կամ Հայաստանի պատվիրակությունը զրկվում է ձայնի իրավունքից, կամ էլ կատարվում է տերպետրոսյանական վարդագույն երազանքը ու Հայաստանին «վտարում են Եվրախորհրդից»։ Միանգամից նշենք, որ նման զարգացման հավանականությունն իրականում զրոյական է։ Բայց, այնուամենայնիվ, ենթադրենք, նաեւ փորձենք ուրվագծել, թե ինչ հնարավոր հետեւանքներ կարող են լինել, եթե, օրինակ, դադարեցվի կամ առկախվի ԵԽ-ին Հայաստանի անդամակցումը։ Ի՞նչ է դա նշանակում։ Հասկանալի է, նման աննպաստ զարգացումը միանգամայն ծանր հարված կլինի պետության միջազգային վարկին։ Դա առավել եւս մեծ հարված կլինի, եթե նկատի առնենք, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է։ Հետեւաբար Տեր-Պետրոսյանի փափագած պատժամիջոցները, առանձնապես ԵԽ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կամ դադարեցումը ուղղակիորեն կանդրադառնան այդ շրջանակներում նշված ծրագրերի իրականացման վրա»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին «Հրապարակ»-ի լրագրողը հարցնում է. - «Նախագահականում կոնկրետ պատասխան են ուզում ԲՀԿ-ից, թե ով է լինելու ԲՀԿ թեկնածուն հաջորդ ընտրություններում»: Պատասխան. - «Այդ հարցը քննարկվել է ԲՀԿ խմբակցությունում ամիսներ առաջ, եւ մենք հստակ դիրքորոշում ունենք, որ նախագահի թեկնածուի հարցը քննարկելու ենք միայն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո»: Հարց. - «Այսինքն մինչ այդ նախագահի թեկնածու չե՞ք ունենալու»: Պատասխան. - «Մենք այդ հարցն ընդհանրապես չենք քննարկելու, չունենք թեկնածու: Չենք խոսելու այդ մասին մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումը»: Հարց. - «Տեղեկություններ կան, թե նախագահականում ասել են, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում 10 տոկոսից ավելի ձայներ չի ունենա, եթե չհայտարարի, թե սատարելու է Սերժ Սարգսյանին»: Պատասխան. - «Ես հավատում եմ, որ մեզ մոտ ազատ, արդար ընտրություններ են կայանալու, եւ մենք հավաքելու ենք այնքան ձայն, որքան տալու է ժողովուրդը: Ընտրություններից 1.5 տարի առաջ ես չեմ հավատում, որ որեւէ տեղ նստել են լուրջ քննարկեն, թե ում քանի տոկոս են բաժանելու: Ես կարծում եմ` ամեն ինչ որոշվելու է ընտրությունների շրջանում: Սպասենք ընտրությունների արդյունքներին»:

«Ժամանակ»-ը հաղորդում է. - «Երգիչ Թաթան, ով ներկայում գտնվում է ԱՄՆ-ում, եւս կանչվել է ԱՄՆ իրավապահների կողմից` օրերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի գործով ցուցմունք տալու: ԱՄՆ իրավապահները պարզել են, որ Թաթան անմիջական կապեր ունի այդ քրգործով անցնող մի քանի հոգու հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG