Մատչելիության հղումներ

Խստացվելու է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտած տնտեսվարողների պատասխանատվությունը


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը (ձ) եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը հունիսի, 2010թ.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը (ձ) եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը հունիսի, 2010թ.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատրաստվում է խստացնել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտած տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվությունը եւ ընդլայնել իր վերահսկողական իրավասությունները:

«Ծրագրի հիմնական նպատակն է` պաշտպանել արդար մրցակցությունը եւ ապահովել ազատ մուտքը շուկաներ` թուլացնելով եւ մեղմացնելով ապրանքային շուկաներում բարձր կենտրոնացվածության առկայության հնարավոր բացասական ազդեցությունները, կիրարկել մրցակցային կանոնները տնտեսության բոլոր ոլորտներում, նպաստել տնտեսական աճին ու հանրության բարօրությանը»,- նշված է հանձնաժողովի` այսօր հրապարակած գործունեության ռազմավարության եռամյա ծրագրում:

«Մենք գտնում ենք, որ մեր երկրում կա մրցակցային միջավայրը բարելավելու անհրաժեշտություն: Եվ մրցակցային միջավայրը պետք է բարելավել ոչ թե կարճաժամկետ գործողությունների միջոցով, այլ ֆունդամենտալ, գլոբալ փոփոխություններ իրականացնելով: Այդ նպատակով մենք պատրաստել ենք այս ծրագիրը», - այսօր կայացած նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Փաստաթուղթը, մասնավորապես, առաջարկում է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է խստացնեն հակամենաշնորհային օրենսդրությունը խախտած տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվությունը, ընդլայնեն հանձնաժողովի վերահսկողական իրավասությունները ու նրան շնորհեն ապացույցների ձեռքբերման նոր մեխանիզմներ: Առաջարակվող օրենսդրական փոփոխություններից մեկով նախատեսվում է պատժից ազատել այն տնտեսվարող սուբյեկտին, որը առաջինը «կամովին պարտավորվում է դադարեցնել հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամարցակցային համաձայնության փաստի բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ»:

Ռազմավարությամբ նախատեսված է նաեւ բարելավել հանձնաժողովի ֆինանսական ռեսուրսները: «Հանձնաժողովի գործունեությունն առնչվում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների: Այս առումով հանձնաժողովից պահանջվում է ծավալել օբյեկտիվ եւ անաչառ գործունեություն, որի իրականացման նախապայմաններից է մասնագետների նյութական ապահովվածության հարաբերականորեն բարձր մակարդակը», - նշված է փաստաթղթում:

«Հայաստանն այլեւս ուրիշ ուղղություն գնալու չունի: Մենք այնքան վատ վիճակում ենք տնտեսական աճի առումով, եւ հաշվի առնելով տրանսպորտային շրջափակումը եւ այլն, եթե մենք այսպես շարունակենք մենք ունենալու ենք ահավոր թանկ սպառողական ապրանքներ, որոնք այսօր ունենք: Վերջին շրջանում նույնպես սննդամթերքի որոշ տեսակների գներ թանկացան, ինչը արդեն ստացել է պարբերական բնութ: Մենք չենք տեսնում գների անկում, եւ դրանք բոլորը հենց այդպիսի երեւութների արդյուքն են», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը` հավելելով, թե առաջարկվող ռազմավարությունը հնարավոր կլինի կյանքի կոչել «քաղաքական կամքի դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG