Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ձերբակալվել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի եւս մեկ սպա` Արթուր Կարապետյանը: Պաշտպանության նախարարությանը կից Հասարակական խորհրդի ղեկավարի խոսքով, նման գործերի մասին հաղորդագրությունների տարածումը վկայում է, որ նախարարության գործունեությունը ավելի հրապարակային ու թափանցիկ է դարձել:

Ձերբակալված սպան կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ շորթելու մեջ:

Ըստ մամուլի հրապարակումների, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը զինծառայողներից շորթել է մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու համար:

Քննչական ծառայությունից ասացին, թե առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել, թե ընդհանուր առմամբ ինչ գումար է զինծառայողներից շորթել Կարապետյանը:

Մեկ շաբաթ առաջ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Արարատի նույն զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը:

Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարությանը կից Հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «նախաքննությունը ցույց կտա, թե որքան լայն տարածում է ունեցել այս հանցագործությունը», բայց «ընթացքից երեւում է, որ Քննչական ծառայությունը հետամուտ է, որպեսզի գործին առնչվող անձինք, ովքեր հանցագործություն են կատարել, անպայման պատժվեն»:

«Այսօր դժվար է պատկերացնել, որ Զինված ուժերում կարող են լինել հանցագործություններ նման կարգի, հատկապես, որոնք կապված են պաշտոնական դիրքի չարաշահումների հետ, որոնք ուղեկցվում են պարտադրանքով ենթակաների նկատմամբ, որոնք կմնան չբացահայտված, եւ մեղավորները կմնան անպատիժ: Մենք տեսնում ենք, որ այս գիծը հստակ իրականացվում է», - ասաց նա:

Վերոնշյալ կոնկրետ դեպքերը, Հարությունյանի ձեւակերպմամբ` «եզակի» են. - «Եվ քանի որ եզակի են, պետք է այդ երեւույթների մասին հրապարակային խոսել, պատժել հանցագործությունը, որպեսզի այն տարածում չգտնի»:

Հարությունյանը մեղադրեց նաեւ զինծառայողներին, ովքեր ժամանակին չեն ահազանգել իրենցից դրամ շորթելու մասին:

«Եթե նրանցից որեւիցե մեկը այդ պրոցեսի հենց սկզբից ահազանգած լիներ, ես վստահ եմ, որ սա չէր հասնի հանցագործության աստիճանի», - հայտարարեց նա:

Իսկ հարցին, թե իր կարծիքով վերադասը, ահազանգ ստանալու դեպքում կպաշտպանի՞ շարքային զինծառայողին, նա պատասխանեց. - «Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նրա [շարքային զինծառայողի] վերադասի վերադասը կկանգնի օրինականության կողմը»:

Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ իր գլխավորած խորհուրդը ծրագրում է այս գործով նախաքննության ավարտից հետո հանդիպել տուժած զինծառայողներին:

Գեղամ Հարությունյանի փոխանցմամբ, այն, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Զինված ուժերում տեղի ունեցող հանցագործությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները եւ տարբեր գործերով ձերբակալությունները, վկայում է, որ Պաշտպանության նախարարության գործունեությունը այս առումով դարձել է ավելի հրապարակային:

«Կա Պաշտպանության նախարարի հստակ դիրքորոշումը` ավելի շատ հրապարակայնություն, ավելի մեծ վստահություն հասարակության հանդեպ եւ հասարակության հետ հարաբերություններում», - հայտարարեց Գեղամ Հարությունյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG