Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայի նախագահը Թուրքիայում քրիստոնեական ծեսի է մասնակցել


Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը տիկնոջ` Բետտինայի հետ Թուրքիայի Տարսուս քաղաքի Սուրբ Պողոս տաճարում մասնակցում է էկումենիկ պատարագին, 21-ը հոկտեմբերի, 2010թ.

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը տիկնոջ` Բետտինայի հետ Թուրքիայի Տարսուս քաղաքի Սուրբ Պողոս տաճարում մասնակցում է էկումենիկ պատարագին, 21-ը հոկտեմբերի, 2010թ.

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հինգշաբթի օրը Թուրքիայում մասնակցել է քրիստոնեական եկեղեցական արարողության եւ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել երաշխավորել ազգային փոքրամասնությունների կրոնական ազատությունները։

Գերմանական DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական, Հույն ուղղափառ եւ Ասորի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ։

Էկումենիկ պատարագը մատուցվել է Թուրքիայի հարավում գտնվող Տարսուս քաղաքի 19-րդ դարի Սուրբ Պողոս եկեղեցում։ Կրոնական ծեսը անցկացնելու համար անհրաժեշտ է եղել ստանալ Թուրքիայի իշխանությունների հատուկ թույլտվությունը, քանի որ եկեղեցին հիմա գործում է որպես թանգարան։

Կրոնական ծեսից հետո Գերմանիայի նախագահը լրագրողներին ասել է, թե իր կարծիքով` հրաշալի կլինի, եթե յուրաքանչյուր ոք կարողանա աղոթել առանց իշխանություններին հարցնելու։

Նա ասել է, թե կցանկանար, որ Թուրքիան առաջ շարժվի քրիստոնյա համայնքների պահանջները բավարարելու ուղղությամբ, որպեսզի Թուրքիայում կարողանան ազատորեն դավանել իրենց կրոնը եւ հոգեւորականների կրթել առանց խոչընդոտների։

«Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, բայց դեռ տեղ չենք հասել», - ասել է Քրիստիան Վուլֆը։

72 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում մոտավորապես 100 հազար քրիստոնյա կա։

Եվրամիությունը հաճախ է հորդորում պաշտոնական Անկարային` բարելավելու ոչ մահմեդական` հույն ուղղափառ, հայ առաքելական ու հրեական համայնքների իրավունքները։

DPA-ն նշում է, որ վերջին տարիներին Թուրքիայում մի շարք հարձակումներ են կատարվել քրիստոնյաների դեմ։

Ուրբաթ օրը ավարտվում է Գերմանիայի նախագահի հնգօրյա այցելությունը Թուրքիա։ Քրիստիան Վուլֆը Անկարայից մեկնել է Ստամբուլ։ Ստամբուլում Թուրքիայի նախագահի կողմից տրված ճաշի ընթացքում Վուլֆը ասել է, թե Եվրոպան ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն։

«Մենք կարող ենք փոխլրացնել միմյանց շատ հարցերում եւ համագործակցել` կարգավորելու համար խնդիրները Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Բալկաններում», - ասել է Գերմանիայի նախագահը։

Քրիստիան Վուլֆը իր այցելության ընթացքում անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերություններին` երեքշաբթի օրը այդ մասին խոսելով ե'ւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպմանը, ե'ւ Թուրքիայի խորհրդարանում իր ելույթում։

Հոլոքոստը ճանաչած երկրի` Գերմանիայի նախագահը Թուրքիային կոչ արեց ընդունել անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG