Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել «Պզոյին» եւ եւս երկու հոգու


Ամերիկյան դատարանը մերժել է օրերս բացահայտված զեղծարարությունների գործով ձերբակալված հայերից երեքին` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանին, Վարդան Բոյզաջյանին եւ Հրայր Բաղումյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները:

Glendale News Press պարբերականի փոխանցմամբ` դատարանը համարել է, որ հիշյալ անձինք ազատության մեջ գտնվելով կարող են փախուստի դիմել, ինչպես նաեւ սպառնալիք ներկայացնել տնտեսության համար: Ղազարյանը, Բոյզաջյանը եւ Բաղումյանը տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվելու:

Ղազարյանի պաշտպանն է ամերիկահայ հեղինակավոր փաստաբան Մարկ Գերագոսը, ով հայկական կողմի շահերն է ներկայացրել New York Life, Axa ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հարուցած գործերում: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, եւ դատավորը թույլատրել է ազատազրկման վայրում բժշկի այցելությունները կալանավորին:

Նույն գործով անցնող Արթուր Եպիսկոպոսյանը, ըստ դատարանի որոշման, կարող է 1.6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվել, սակայն` որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, նրանից պահանջվում է մնալ տանը եւ էլեկտրոնային սարք կրել, որը թույլ կտա գրանցել նրա տեղաշարժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG