Մատչելիության հղումներ

logo-print

Պետդուման կորոշի հայազգի պատգամավորի ճակատագիրը


Ռուսաստանի Պետդումայի շենքը

Ռուսաստանի Պետդումայի շենքը

Ռուսաստանի դաշնային խորհրդարանի ստորին պալատը ուրբաթ օրը կորոշի` արդյո՞ք Դատախազության քննչական կոմիտեին իրավունք կտրվի քրեական գործ հարուցել պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ:

Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ, 45-ամյա Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ:

Ռուսաստանցի իրավապահները պնդում են,որ Եղիազարյանին պատկանող «Դեկորում» ընկերությունը` Մոսկվայի կառավարության հետ համատեղ, 2003 թվականին 200 միլիոն դոլարի վարկ էր վերցրել գերմանական Deutsche Bank-ից` Ռուսաստանի մայրաքաղաքի խոշորագույն հյուրանոցներից մեկի` «Մոսկվա»-ի հիմնանորոգումն իրականացնելու համար: 2008-ին, երբ սկիզբ է առել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, գերմանացի բանկիրները պահանջել են վերադարձնել գումարը, սակայն պարզվել է, որ վարկային միջոցների մեծ մասը փոշիացվել է` գերմանացիների տրամադրած 200-միլիոնանոց վարկից հյուրանոցի վերակառուցման վրա ծախսվել է ընդամենը 75 միլիոն դոլարը: Հետագայում վարկի զգալի մասը` մոտ 90 միլիոնը ձեւակերպվել է որպես Մոսկվայի իշխանությունների պարտք գերմանական բանկին:

Ամռանը, երբ ֆինանսական այս մեքենայությունները հայտնվեցին ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, Պետդումայի հայազգի պատգամավորը գերադասեց լքել երկիրը: Նրա գտնվելու հստակ վայրը մինչ օրս հայտնի չէ, թեեւ ռուսական որոշ աղբյուրներ պնդում են, որ պատգամավորը առանձնատուն է ձեռք բերել Նիցցայում, որտեղ էլ անցկացնում է իր ժամանակի զգալի մասը: Ավելին, ռուսաստանցի քննիչները պարզել են, որ Եղիազարյանը սոցիալական ապահովագրության ամերիկյան քարտ ունի եւ հարկերի մի զգալի մասը մուծում է Միացյալ Նահանգներում:

Այս ամենի ֆոնին, Եղիազարյանի կուսակից լիբերալ դեմոկրատները հայտարարում են, որ նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը օրինական չէ:

Ժիրինովսկու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդեւը «Вести FM» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. - «Մեր կարծիքով, [Քննչական կոմիտեի ղեկավար] պարոն Բաստրիկինի գործողությունները հակաօրինական բնութ են կրում, քանի որ Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքում եւ Պետդումայի կանոնակարգում հստակորեն գրված է` խորհրդարանի անդամի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ կարող է հանդես գալ միմիայն գլխավոր դատախազը: Ճիշտ է, Քրեական օրենսգրքում գրված է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը պատգամավորի դեմ քրեական գործ հարուցելուց առաջ պետք է ստանա Պետդումայի համաձայնությունը, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ կոմիտեի ղեկավարն իրավունք ունի ուղղակիորեն դիմել երկրի խորհրդարանին»:

Ինքը Եղիազարյանը իր ճակատագրին վերաբերող քննարկմանը չի մասնակցի: Հինգշաբթի երեկոյան նա հատուկ հայտարարություն է տարածել, որում նշել է. - «Մի քանի ամիս է արդեն, ինչ իմ եւ իմ ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչում, այդ իսկ պատճառով ես չեմ պատրաստվում մասնակցել Դումայի նիստին: Այնուհանդերձ, ես կարող եմ քննարկմանը մասնակցել ուղիղ հեռուստակամուրջի միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG