Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ընդդիմադիր գործիչները ազատ կարձակվեն «մոտ ապագայում»


Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները:

«Բոլորին են ազատ արձակելու», - ասաց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Որ գործընթացը տեղի է ունենում` ոչ մի կասկած»:

Հարցին, թե ինչի մասին է զրուցելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ (առաջին նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցեց այդ հանդիպումից րոպեներ առաջ), ընդդիմության առաջնորդը պատասխանեց. - «Մենք ուրիշ թեմա չունենք, մեր թեման իրենց իսկ սահմանած թեման է` 1677 բանաձեւն է: Մենք հասնելու ենք այն բանին, որ այդ բանաձեւը մինչեւ վերջ կատարվի: Այլապես կհեղինակազրկվի այդ ամբողջ կառույցը»:

Հարցին էլ, թե ինչու մինչեւ հիմա կատարված չեն նշված բանաձեւի պահանջները, Տեր-Պետրոսյանը արձագանքեց. - «Համաներումից հետո նրանք կարծես թե իրենց բավարարված զգացին, որ իբր թե մեծ գործ են արել, եւ դրա համար նույնիսկ մոնիթորինգի կարգավիճակը նվազեցրին: Բայց անցած մեկ տարին, կարծում եմ, նրանց էլ համոզել է, որ իրենց սպասումները չեն արդարացել, եւ, ըստ էության, Հայաստանի իշխանությունները իրենց խաբել են: Ուղղակի խաբել են: Ես չեմ հղի հիմա ինչ-որ մարդկանց, բայց ես գիտեմ, որ նրանց տրամադրությունը հիմա այդպիսին է: Նրանք իրենց խաբված են զգում, որը հեղինակազրկում է իրենց իսկ կառույցը: Դա նրանք չեն հանդուրժելու»:

Նա կարծիք հայտնեց, որ Եվրախորհուրդն ուժեղացնելու է ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա. - «Նրանք ունեն վեց սանկցիա, որ կարող են կիրառել Եվրախորհրդի անդամ ցանկացած երկրի նկատմամբ: Նրանք մեկը սպառնացին` Հայաստանի պատվիրակությանը քվեարկության ձայնից զրկելու պատժամիջոցն էր, եւ դրանով հասան այդ կիսատ-պռատ համաներմանը: Նրանք ունեն ավելի խիստ պատժամիջոցներ էլ` ընդհուպ մինչեւ Եվրախորհրդից երկրին վտարելը»:

Ավելի ուշ` արդեն Տեր- Պետրոսյան - Թորբյորն Յագլանդ հանդիպումից հետո, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրները, այդ թվում` 1677 բանաձեւի կատարումը, գտնվում են Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում:

XS
SM
MD
LG