Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական աճի տեմպը Հայաստանում շարունակում է դանդաղել


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ ամփոփագրի համաձայն, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 2.8 տոկոս` 0.3 տոկոսի անկում արձանագրելով առաջին 8 ամիսների արդյունքների նկատմամբ: Դրան նպաստել է շինարարության եւ հատկապես գյուղատնտեսության ծավալների նվազումը, որը, ինչպեսեւ հունվար-օգոստոսին, կազմել է շուրջ 18 տոկոս:

«Մեր գյուղը, մեր գյուղատնտեսությունը շատ ավելի կախված է Աստծուց, քան որեւէ ծրագրից: Իրողություն դա է: Իսկ հանգամանքները անբարեգութ գտնվեցին գյուղացու նկատմամբ, որի պտուղները մենք պետք է մինչեւ այս տարվա վերջը քաղենք: Եվ այդտեղ շտկումների հնարավություն չկա», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հիշեցնեմ, որ անցած ամիս գյուղատնտեսության ոլորտում առաջիկա զարգացումների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տվել եկեղեցի գնալ եւ աղոթել Աստծուն, քանի որ, ըստ նրա, ոչ ոք չի կարող ասել` ինչ է սպասվում գյուղատնտեսության ոլորտում, եւ շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն բնակլիմայական պայմանները, օրինակ` աշնանացանի ժամանակ:

Այսուհանդերձ, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան չի վախենում կանխատեսումներ անել Հայաստանի տնտեսության աճի մասին: Իր վերջին ասուլիսում Տոլոսան հայտարարել է, թե տարվա արդյունքներով հնարավոր կլինի արձանագրել 4 տոկոս աճ` հենց գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների որոշակի բարելավման հաշվին:

Բագրատ Ասատրյանը այսօր նշեց, թե սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՆԱ-ի անկումը կազմել է 25 տոկոս, ապա նաեւ հեգնեց, թե եթե անցած տարի Հայաստանը տնտեսական ցուցանիշներով ԱՊՀ-ի երկրների շարքում վերջինն էր, ապա այս տարի արդեն վերջից երկրորդ է, եւ առաջ է անցել Ղրղըզստանից:

«Տարին, հավանաբար, մենք կփակենք 10 տոկոսանոց գնաճի ցուցանիշով», - կանխատեսեց նա` հավելելով. - «Երրորդ հազարամյակում մենք ամենաբարձր գնաճով ենք մտնում հաջորդ տարի»:

Անդրադառնալով արդեն հաջորդ տարվա պետական բյուջեին` Ասատրյանը նշեց, թե եկամտային մասով ճգնաժամային 2009 թվականի համեմատ ենթադրում է եկամուտների հավաքագրման աստիճանի եւ ծավալների նվազում: Նրա խոսքով` 2011-ի բյուջեն սոցիալական անվանել չի կարելի.- «Գալիք տարվա ավարտին մեր քաղաքացիները չեն լինելու զգալի չափով ուրախ եւ երջանիկ»:

Կոալիցիոն տիպի կառավարությունները, ըստ Բագրատ Ասատրյանի, ստեղծված չեն լինում լուրջ խնդիրներ, քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Իբրև կանոն՝ այս կառավարությունները ստեղծվում են «յոլա տանելու» համար, ինչ-որ կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու համար։ Մեր հասարակության ամենամեծ խնդիրը քաղաքական համակարգը պահպանելն է՝ կոնկրետ անձերի իմաստով:

Կառավարության անդամները 2011 թվականի բյուջեն արդեն իսկ որակել են որպես «կայուն զարգացման բյուջե», իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահի խոսքով, սա ընդամենը գոյատեւման բյուջե է, ընդ որում «ոչ թե երկրի տնտեսության գոյատեւման, այլ մեր կառավարության գոյատեւման»:

«Մեր կառավարությունը այս բյուջեով ասում է` ես հոգնել եմ, ես չեմ կարողանում աշխատել, անգամ ասում է` ես չեմ ուզում աշխատել: Ոչ մի նախաձեռնություն, ոչ մի հարցադրում, ոչ մի ակտիվ լուծում, որը կարող է ինչ-որ զարգացումներ ունենալ, այս բյուջեով չի նախատեսվում», - եզրափակեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը:

XS
SM
MD
LG