Մատչելիության հղումներ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անցկացվող նկարչական օրն այս տարի յուրահատուկ կլինի նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են հայ երեխաներ ու երիտասարդներ նաեւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից:

«Բոլոր հայ մանուկները հնարավորություն ունեն հայրենի բնության թեմայով իրենց կոչն ուղղել նկարների միջոցով » – նշեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ավանդույթի համաձայն`երեխաները բնապահպանական թեմաներով կնկարեն դպրոցներից ու մանկապարտեզներից բերված սեղանների վրա, որոնք հետագայում կրկին վերադարձվում են այդ հաստատություններ: Իսկ նկարչական օրվա արդյունքում անցկացվող մրցույթի նկարները կընդգրկվեն նաեւ տարբեր կատալոգներում ու օրացույցներում:

Հոկտեմբերի 24-ին Սիրահարների այգում նախատեսված նկարչական մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբերում` 5-8, 9-12, 13-16 տարեկաններ, եւ առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ նկարչական օրվան կմասնակցեն նաեւ 17-30 տարեկան երիտասարդները. նրանց աշխատանքները փակցվելու են քաղաքի տարբեր մասերում:

Մրցույթին մասնակցելու համար հիմնադրամը երեխաներին ու երիտասարդներին առաջարկել է նկարել հետեւյալ թեմաներով` «Իմ երազանքների քաղաքը», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»:

XS
SM
MD
LG