Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը մեր պետականության հիմնաքարերից է»


«Մարդու եւ քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

«Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու, եւ մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչեւ վերջ, թեեւ ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի», - նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը բարձր է գնահատել Եվրախորհրդի դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

Երեւանում անցկացված երկօրյա համաժողովը համարելով նշանակալից իրադարձություն ե'ւ Եվրախորհրդի, ե'ւ Հայաստանի համար, Թորբյորն Յագլանդը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասել է, թե շատ ուրախ է տեսնել, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո'ն նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է` օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եվ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում», - ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG