Մատչելիության հղումներ

Հայաստանյան հասարակական կազմակերպությունը Պրեսկոտին կոչ է անում հրաժարվել համազեկուցողի մանդատից


«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող, Վեհաժողովի փոխնախագահ Ջոն Պրեսկոտին (Մեծ Բրիտանիա) կոչ է արել հրաժարվել համազեկուցողի մանդատից:

«Քանի որ Դուք հայաստանյան ընդդիմության եւ իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության եւ իշխանության իրարամերժ շահերը` կկարողանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել Խորհդարանական վեհաժողովին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատը», - նշված է Ջոն Պրեսկոտին ուղղված նամակում:

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց. - «Մենք որոշեցինք, որ արժե նրան խորհուրդ տալ հրաժարվել` հույս ունենալով, որ նրա փոխարեն կարող է գալ որեւէ մեկը, որը կարհամարհի ե'ւ ընդդիմության, ե'ւ իշխանության ցանկացած կարգի ճնշում, համավարիմ իր մանդատին` հայկական իրականությունը կներկայացնի իր կառույցում այնպես, ինչպես որ կա, անաչառ»:

«Նրանք կարող են հայտարարել, որ նրանց չեն հետաքրքրում հայաստանյան խնդիրները: Եթե նրանք դա հայտարարեն ազնվորեն, մենք շատ լավ կընդունենք դա, եւ գուցե ինչ-որ տեղ ճիշտ լինի», - հավելեց Հարությունյանը:

Նամակն այսօր ուղարկվել է Ջոն Պրեսկոտին:

XS
SM
MD
LG