Մատչելիության հղումներ

Պարզեցվում է Ֆրանսիայի մուտքի արտոնագրեր տրամադրելու կարգը


Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը:

Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը որոշել է պարզեցնել ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու որոշ ընթացակարգեր:

Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արտոնագրերի մասին Եվրամիության նոր օրենսդրությունը թույլ է տալիս պարզեցնել արտոնագրերի տրամադրման որոշ ընթացակարգեր եւ նվազեցնել պահանջվող փաստաթղթերի թիվը:

Ըստ այդմ` 2010 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր 2008-ի նոյեմբերի 1-ից ի վեր ստացել են առնվազն մեկ C կարգի արտոնագիր, կարող են այլեւս չներկայացնել նախկինում պահանջվող որոշ փաստաթղթեր (ծննդյան վկայական, երեխաների ծննդյան վկայական, ամուսնության վկայական եւ այլն): Նշված փաստաթղթերը, սակայն, հյուպատոսի փոխանցմամբ, շարունակում են պարտադիր մնալ կարգավիճակի որեւէ փոփոխության դեպքում եւ առաջին անգամ դիմողների համար:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ նոյեմբերի 15-ից սկսած հնարավոր կլինի գործերը հյուպատոսական ծառայություն ներկայացնելու համար հանդիպում նշանակել նաեւ համացանցի միջոցով:

Միաժամանակ, ինչպես տեղեկացրեց Ֆրեդերիկ Գրապենը, բարդացվում է բուժման նպատակով Ֆրանիա մեկնողներին արտոնագրերի տրամադրման ընթացակարգը. այսուհետ այդ նպատակով արտոնագիր հայցողներից պահանջվելու է բժշկական ծախսերի նախնական վճարում:

Սա, հյուպատոսի խոսքով, արդյունք է Հայաստանից Ֆրանսիա բուժման նպատակով մեկնած, սակայն վճարումներ չկատարած անբարեխիղճ քաղաքացիների չարաշահումների: ՀՀ քաղաքացիների չարաշահումների արդյունքում կուտակված ընդհանուր պարտքը կազմում է 17 000 եվրո:

Հյուպատոսը տեղեկացրեց նաեւ, որ այսուհետ հյուպատոսությունը չի ընդունելու ռուսերեն լեզվով փաստաթղթեր: Ընդունվելու են միայն ֆրանսերեն, հայերեն` ֆրանսերեն թարգմանությամբ, կամ անգլերեն լեզուներով փաստաթղթեր:

Արձագանքելով դիտարկմանը, թե դեսպանատունը հաճախ է մերժում դիմողներին` Ֆրեդերիկ Գրապենը վստահեցրեց, որ 2010 թվականին դեսպանությունից մերժում է ստացել դիմողների ընդամենը10 տոկոսը, իսկ 2009-ի համեմատ` մերժում ստացած դիմորդների թիվը նվազել է 30–35 տոկոսով։

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ հյուպատոսությունից դժգոհում են նաեւ մերժման հիմնավորում կամ պատճառաբանության չտրամադրելու համար, հյուպատոսը արձագանքեց. - «2011 թվականի երկրորդ եռամսյակից դեսպանատունը մերժում ստացած բոլոր դիմորդներին հիմնավորում է տրամադրելու»:

XS
SM
MD
LG