Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը, այնուամենայնիվ, փոփոխություններ է առաջարկում «Լեզվի մասին» օրենքում


Չնայած կառավարության խոստումներին` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսդրական լրամշակված փաթեթը կընդգրկվի հոկտեմբերի 25-28-ը Ազգային ժողովի նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ներկայացվելու եւ ընդունվելու համար:

Այսօր նման որոշում կայացրեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Ավելի վաղ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների նախագծի դեմ, իսկ ավելի կոնկրետ` օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ բարձրացած հանրային դժգոհության ալիքը, կառավարությունը հայտարարել էր, որ հրաժարվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտադրությունից, եւ պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում օտարալեզու կրթակարգով դպրոցների բացումը թույլատրելու հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:

Այսօրվա քննարկմանը, սակայն, պարզ դարձավ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում ներառվել է հոդված, ըստ որի` «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»:

Օրինագծին դեմ հանդես եկող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները, մինչդեռ, այսօր տարածած հայտարարության մեջ կառավարության այս քայլը որակում են` «ոչ այլ ինչ, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսեւորում»:
XS
SM
MD
LG