Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 20-ի մամուլ


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը թղթով հարվածելով մի կողմ է հրել «Ա1+»-ի ձայնագրիչը, երբ թղթակիցը փորձել է հարց տալ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյային: «Պրեսկոտը` որպես հայելի» վերնագրված խմբագրականում էլ անդրադառնալով «Հանուն ժողովրդավարության ապագայի» Երեւանում անցկացվող համաժողովի շրջանակներում տեղի ունեցած այդ միջադեպին` թերթը գրում է. - «Արդյոք այդ չափազանց անդաստիարակ, հոգեպես անհավասարակշիռ, լրագրողներին կոպտող պարոնը Կանտի, Մոնտեսքյոյի կամ իր հայրենակից Ջոն Լոքի հոգեւոր ժառա՞նգն է: Ոչ, նա դիկենսյան զավեշտալի բյուրոկրատների հետնորդն է»:

«Ժամանակ»-ը եւս անդրադառնում է Ջոն Պրեսկոտի վարքագծին եւ իր խմբագրականում գրում. - «Պրեսկոտը դարձել է ընդհանրապես եվրոպական քաղաքականության խորհրդանիշ, ինչի հետեւանքով էլ եվրոպական արժեքները համամարդկային գրավչության փոխարեն արդեն ձեռք են բերում Եվրոպայի բյուրոկրատական զրահի կարգավիճակ` Եվրոպայից դուրս ապրող հասարակությունների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դարձնելով, որ այդ արժեքներն են արդեն սպասարկում եվրապաշտոնյաներին, ոչ թե եվրապաշտոնյաներն են իրենց աշխատանքով սպասարկում այդ արժեքները: Համազեկուցող Պրեսկոտի «հայաստանյան» վարքը դրա լավագույն օրինակն է»:

Անդրադառնալով օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներին` «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայոց Աշխարհ»-ում գրում է. - «Վերջին օրերին Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները հաճույքով մեջբերումներ են կատարում ոչ թե արմատական ընդդիմության առաջնորդների, ոչ թե կառավարության ղեկավարների ելույթներից… այլ ամբողջ ուժով տարածում են Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազ Փրիթ Բհարարայի մերկացումները, որոնք հնչել էին հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսում։ Դատախազի մեղադրական ելույթները հնչեցին նաեւ եվրոպական ու ամերիկյան զանազան կարգի ազատ ռադիոձայներում, որոնք ահա արդեն քանի տասնամյակ «շոյում» են Հայաստանի եւ, ընդհանրապես, ԱՊՀ քաղաքացիների լսողությունը։ Դրանց ձայնը լսվեց էլեկտրոնային «աչալուրջ» բոլոր ԶԼՄ-ների կողմից` անկախ դրանց գրանցման վայրից եւ ֆինանսավորման աղբյուրների աշխարհագրությունից։ Արտաշես Գեղամյանը այնուհետեւ գնահատում է. - «Տարօրինակ է, որ դաշնային դատախազն առանց ամերիկյան դատարանի վճռի` օրենքի խախտման համար կասկածյալներին արդեն բնորոշել է ոչ այլ կերպ, քան «հանցավոր խումբ»։ Որքան հիշում եմ՝ անմեղության կանխավարկածը ԱՄՆ-ում դեռ վերացված չէ։ Այս հայտարարության մեջ փաստորեն անուղղակի մեղադրանք կա ե՜ւ Հայաստանի Կենտրոնական բանկի, ե՜ւ իրավապահ մարմինների հասցեին, որոնք, ստացվում է, անհրաժեշտ զգոնություն չեն ցուցաբերել «կեղտոտ փողերի» լվացումը կանխելու նպատակով»։

Մեկնաբանելով գործարար Մանվել Բադեյանի` նախօրեին հնչեցրած հայտարարությունները` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բադեյանը երեկ մի ֆանտաստիկ ֆրազ արտասանեց. «ՀՀՇ-ն ո՞վ էր, որ ինձ դաբրո տար»: Մանվել Բադեյանը, իհարկե, ուզում էր այդ նախադասությամբ ինքն իրեն գովել, բայց ստացվեց այնպես, որ անկախ իրենից` լավ էլ ներկայացրեց նախկին եւ ներկա իշխանությունների տարբերությունը: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ իսկապես էլ մինչեւ 1998-ը Հայաստանում հնարավոր էր առանց իշխող կուսակցության «դաբրոյի» ե'ւ բիզնեսով զբաղվել, ե'ւ պատգամավոր դառնալ: Եվ երբ Մանվել Բադեյանը հիմա հպարտորեն խոսում է այդ մասին (իր կարծիքով` վիրավորելով ՀՀՇ-ին), իրականում մեծագույն կոմպլիմենտն է անում այդ կուսակցությանը, որովհետեւ ինքը առանց ՀՀՇ-ի դաբրոյի ե'ւ հաջողակ բիզնեսմեն է եղել, ե'ւ դարձել է պատգամավոր: Դե թող հիմա է'լ անի: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ տեղի կունենա այդ հաջողակ բիզնեսմենի հետ, եթե հանկարծ որոշի դուրս գալ ՀՀԿ-ից: Ուղիղ կես ժամ հետո բիզնեսը ձեռքից կխլեն, ինքն էլ ստիպված կլինի մանդատից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն անել հեռուստաեթերից` «առանց ֆիզիկական բռնության արտաքին հետքերի»»:

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Երեկ վանդալիզմի հերթական ակտն է տեղի ունեցել Օղակաձեւ զբոսայգում: Ընդ որում, հոլոքոստի՝ հրեաների ցեղասպանությանը նվիրված հուշարձանն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է բարբարոսական վերաբերմունքի: Դժվար է հասկանալ «բարբարոսների» մտածողության կերպը՝ ի՞նչն է դրդում նման արարքի, այն էլ մարդկային ողբերգության խորհրդանիշ հուշարձանի նկատմամբ: Այնպես, ինչպես դժվար է հասկանալ մարտի 1-ին ժողովրդի վրա զենք կիրառողների մտածողությունը: Ազատության հրապարակը փակողներինը»: Խմբագրականը գնահատում է. - «Երբ մեր հարեւան երկրում վանդալիզմի դեպքեր են արձանագրվում եւ հայկական հուշարձաններ են պղծվում, մեր ազգային ինքնությունը վիրավորվում է, բայց մենք մեզ մխիթարում ենք նրանով, որ վանդալիզմի հեղինակները մենք չենք, այլ մեր բարբարոս հարեւանները, որոնց իրական դեմքն աշխարհին ներկայացնելու հերթական հնարավորությունն ենք ստանում: Բայց ի՞նչ է զգում Հայաստանի քաղաքացին, երբ իմանում է, որ մեր իսկ հողի վրա, մեր իսկ համաքաղաքացու ձեռքով պղծվում է ցեղասպանության եւ հոլոքոստի հուշարձանը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG