Մատչելիության հղումներ

Վուլֆը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը եւ հաշտվել Հայաստանի հետ


Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը (ձախից) եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Թուրքիայի նախագահի «Չանկայա» պալատում, Անկարա, 19-ը հոկտեմբերի, 2010թ.
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը (ձախից) եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Թուրքիայի նախագահի «Չանկայա» պալատում, Անկարա, 19-ը հոկտեմբերի, 2010թ.
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Թուրքիային կոչ է արել «ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ»։ Այս մասին հաղորդում է գերմանական DPA գործակալությունը։

Նույն օրը ավելի վաղ թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլի հետ համատեղ ասուլիսում նա գովաբանել է Թուրքիային հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար եւ, «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, «հորդորել է Թուրքիային ավելի շատ քայլեր կատարել` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի հետ»։

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Գերմանիայի նախագահը Թուրքիային հորդորել է հարգել քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները, ինչը Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ճանապարհի առանցքային խնդիրներից է։

«Մենք ակնկալում ենք, որ մահմեդական երկրներում քրիստոնյաները ունենան նույն իրավունքները` հրապարակավ դավանելու իրենց կրոնը, կրթելու նոր հոգեւորականների եւ կառուցելու նոր եկեղեցիներ», - Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Գերմանիայի նախագահը։

Այնուամենայնիվ, Թուրքիա կատարած նրա այցելության, հանդիպումների ուշադրության կենտրոնում Գերմանիայում թուրք էմիգրանտներին վերաբերող հարցերն են։

Նրա այցելության նախաշեմին` շաբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Գերմանիայում ապրող էմիգրանտներին, ասել էր, թե «այս բազմամշակութային մոտեցումը, որ իբրեւ մենք ապրում ենք կողք-կողքի եւ գոհ ենք միմյանցից, այս մոտեցումը ձախողվեց, ամբողջովին ձախողվեց»։

Թուրքիայի խորհրդարանում էմիգրանտներին ուղղված Գերմանիայի նախագահի ելույթը DPA գործակալությունը «պատմական» է որակում։

«Որպես նրանց նախագահ` ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր էմիգրանտ մեր հասարակությունում ինտեգրվի ակտիվորեն եւ բարի մտադրություններով։ Ոչ մեկը կարիք չունի եւ պարտավոր չէ հրաժարվել իր մշակութային ինքնությունից կամ մերժել իր ազգային պատկանելությունը», - Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Քրիստիան Վուլֆը:

Նշելով, որ շատ թուրքեր են արմատներ ձգել Գերմանիայում, ուսում ստացել, բիզնես հիմնադրել, աշխատատեղեր ստեղծել, նա անդրադարձել է նաեւ էմիգրանտների հարուցած խնդիրներին` դրանց թվում նշելով պետական օգնության խնամքի տակ մնալը, քրեականացումը, ագրեսիվությունը, սովորելուց հրաժարվելը։

Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է ենթարկվել Գերմանիայի օրենքներին ու Սահմանադրությանը, սովորել գերմաներեն եւ ընդունել մեր ապրելակերպը»։

DPA-ն հաղորդում է, որ Գերմանիայի 82 միլիոն բնակչության շուրջ 4 միլիոնը մահմեդական էմիգրանտներ են, որոնց մեծ մասը թուրքեր են եւ ազգային փոքրամասնությունների մեջ կազմում են ամենամեծ համայնքը։

Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա ավարտվելու է ուրբաթ օրը։ Չորեքշաբթի օրը Քրիստիան Վուլֆը մասնակցելու է գերմանա - թուրքական գործարար համաժողովին, որտեղ նախատեսված է նրա ելույթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG