Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Եվրոպայի ուշադրությունն է հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վրա


Ընդդիմադիրների հայտարարությունների համաձայն` հոկտեմբերի 19-ի հանրահավաքը Հայաստանում առկա մարդու իրավունքների խախտումների վրա եվրոպացիների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրելու համար էր կազմակերպված:

Երեւանում երեքշաբթի օրը մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած հանրահավաքում ընդդիմադիրների հնչեցրած մի շարք պահանջների շարքում «Մարտի 1-ի» մեղավորների բացահայտումն ու նրանց պատժումն էր, անկախ հեռուստաընկերության վերաբացումը, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ գլխավորը, որ շեշտում էին հանրահավաքի կազմակերպիչները, այսօր անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների` նրանց բնորոշմամբ քաղբանտարկյալների ազատ արձակումն էր:

Ինչպես ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանն ասաց. - «Հայաստանի իշխանությունները դրական քայլեր կատարելու հակում են ցուցաբերում միմիայն պատժամիջոցների սպառնալիքի առկայության դեպքում:

«Զգացվում է, որ միջազգային հանրության համբերությունը հատնում է», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը, - «Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մալազիայում, Ավստրալիայում կատարված սկանդալային բացահայտումներում Հայաստանը ներկայացվում է որպես փողերի լվացման, նարկոբիզնեսի, թրաֆիկինգի եւ միջազգային այլ հանցագործությունների կենտրոն»:

Այսօր ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հանդիպում էր անցկացրել Հայաստանում գտնվող ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Նախատեսված է նաեւ նրա զրույցը ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների հաստատումը անխուսափելի համարեց, ասաց` «խնդիրը ժամանակն է միայն»:

«Գործող իշխանությունը շարժվում է «Դրսում քահանա, ներսում` սատանա» սկզբունքով», - հայտարարեց Սարգսյանը:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, հանրահավաքում հայտարարեց, որ «Մարտի 1»-ի մեղավորներին բացահայտելու պահանջը նաեւ Հայաստան ժամանած եվրոպացիներին են ներկայացնելու:

Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրներ նաեւ հայց են ներկայացրել Վարչական դատարան` Պաշտպանության նախարարության, Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության դեմ` Հայաստանի նախագահի գլխավորությամբ 2008-ի մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հիմքով:

Ինչպես հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ընդդիմության համակիրները այս հայցով պատրաստվում են միչեւ Եվրադատարան հասնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG