Մատչելիության հղումներ

Ամերիկյան հանցախմբի մաս կազմած Հայաստանի քաղաքացիները կդատապարտվեն ԱՄՆ-ում


Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած շաբաթ բացահայտված խոշոր հանցախմբի այն անդամները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, պետք է դատապարտվեն Միացյալ Նահանգներում` ամերիկյան օրենսդրությամբ:

Հայկական կողմը առայժմ չի հրապարակում տվյալներ այն մասին, թե ձերբակալված շուրջ երեք տասնյակ հայերից քանիսն են Հայաստանի քաղաքացիներ:

«Եղած տվյալները վկայում են, որ նրանք մեծ տոկոս չեն կազմում», - նշեց Դանիելյանը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները էքստրադիցիայի են ենթարկվելու, արդարադատության նախարարը պատասխանեց. - «Ոչ, նման խնդիր չկա: Յուրաքանչյուր անձ դատապարտվում է այն երկրում հանցագործություն կատարելու համար, եւ այդ երկրի օրենսդրությամբ, այդ երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքը հանցագործություն է կատարել: Նույն կերպ կվարվեր Հայաստանի Հանրապետությունը: Նկատի ունեցեք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան տարբեր պետությունների քաղաքացիներ, Իրանի Իսլամական Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Ռումինիայի Հանրապետության, Ռուսաստանի, եւ այլն: Այնպես որ սա տարածված մոտեցում է, եւ միջազգային իրավունքի որեւէ խախտում այստեղ չկա»:

Գեւորգ Դանիելյանը նաեւ հստակեցրեց, որ Հայաստանը կարող էր հանցախմբի Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող անձանց քրեական հետապնդման ենթարկելու գործառույթները ստանձնել այն դեպքում, եթե նրանք ձերբակալվեին Հայաստանում:

«Յուրաքանչյուր պետություն պարտավոր չէ իր քաղաքացուն հանձնել մեկ այլ պետության իրավապահ մարմինների, այդ թվում` նաեւ դատական իշխանության մարմինների: Այսինքն, եթե այդ անձինք լինեին Հայաստանի Հանրապետությունում, մենք պարտավոր չէինք իրենց հանձնել, կպահանջեինք գործի այն հատվածը, որը վերաբերում էր նրանց, եւ մենք կիրականացնեինք [դատաքննություն]: Տվյալ դեպքում այդ մասին խոսելը ուղղակի իրավաչափ չէ », - պարզաբանեց արդարադատության նախարարը:

Գլխավոր դատախազության պարզաբանմամբ, այս պարագայում Հայաստանը կարող է միայն օժանդակել գործի քննությանը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի տարածքում քննչական գործողություններ կատարելու, Միացյալ Նահանգներ մասնագետներ գործուղելու, կամ այլ ձեւերով: Օրերս Հայաստանի գլխավոր դատախազությունը դեպքի բացահայտմանն օժանդակելու պատրաստակամություն էր հայտնել:

«Մենք դեռեւս որեւէ իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություն չենք ստացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

ՀՀ ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ամերիկյան գործընկերները իրենց նույնպես որեւէ հարցով չեն դիմել` ոչ հանցախմբի ձերբակալությունից առաջ, եւ ոչ էլ հետո:

«Նման վարժություններ անելը չափազանց վտանգավոր է»


Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման առիթով Հայաստանում հնչեցվող տարաբնույթ մեկնաբանություններին` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը կարծիք հայտնեց ,որ կատարվածի «երանգները խտացված են ներկայացվում»:

«Տալիս են գնահատականներ, ներկայացնելով, որ իբրեւ թե` այդ գնահատականները տրվել են, Միացյալ Նահանգների իրավասու կառույցների կողմից: Դա ավելի շատ թյուրիմացություն տարածելու միտում է, որովհետեւ այդպիսի հանցագործություններ Միացյալ Նահանգներում նախկինում էլ են եղել (խարդախության ծավալի հանցագործություններ): Ավելին ասեմ՝ ավելի մեծ մասշտաբի, քան բացահայտվածը: Այնպես որ, դա արտառոց երեւույթ չէ ԱՄՆ համար», - նշեց նախարարը:

«Մենք սովոր ենք ամեն մի երեւույթ գնահատել միայն քաղաքական տեսանկյունից: Այսինքն՝ փորձ է արվում ցույց տալու, որ իբրեւ թե սա իր ծավալով, իր նշանակությամբ, հանրային վտանգավորության աստիճանով թիվ մեկ հանցագործությունն է, որին իբրեւ թե մասնակցություն ունեն որոշ օղակներ… իհարկե, այդպիսի մասնակցության որեւէ փաստ չկա, բայց, ինքնըստինքյան, մատուցման այս եղանակը չափազանց մատչելի եւ ինչ որ տեղ հրապուրիչ է որոշ քաղաքական ուժերի համար: Բայց կարծում եմ` նման վարժություններ անելը չափազանց վտանգավոր է: Պետք է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում խոսքը պետության հեղինակության մասին է», - ընդգծեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG