Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօր խորհրդարանին է ներկայացրել 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը: Կառավարության ղեկավարն ու ֆինանսների նախարարը հանդես են եկել մի շարք լավատեսական կանխատեսումներով` նշելով, թե հաջորդ տարվա բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն է ունենալու:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի բնորոշումներով` 2011 թվականի պետական բյուջեն մի քանի առումներով աննախադեպ է, կայունություն ապահովող, խթանող, բյուջեի հիմքում դրված ռիսկերը` կառավարելի:

«Բյուջեն կարելի է անվանել «հստակ սոցիալական ուղղվածություն ունեցող» բյուջե, որովհետեւ մենք ավելացնելու ենք սոցիալական ծախսերը աննախադեպ ծավալների հասցնելով: Դա վերաբերում է ե՛ւ սոցիալական նպաստներին, ե՛ւ կենսաթոշակներին, ե՛ւ առողջապահության ե՛ւ կրթության ոլորտներին, որտեղ մեծածավալ գումարներ ենք ներդնելու», - հայտարարեց վարչապետը:

2011 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվում է 4,6 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, բյուջեի դեֆիցիտը չի գերազանցելու ՀՆԱ-ի 4 տոկոսը: Բյուջեի ծախսային մասը կազմելու է 998 միլիարդ դրամ:

«Մենք ընդհուպ մոտենում ենք 1 տրիլիոն սահմանագծին, եւ այդ առումով բյուջեն էականորեն ավելանալու է այս տարված ծավալներից` ընդհանուր առմամբ ծախսային մասը ավելանալու է մոտ 63 միլիարդ դրամի չափով», - նշեց ֆինանսների նախարարը:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդրարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինսայանի գնահատմամբ, սակայն, բյուջեին տրվող «աննախադեպ» որակումները ընդամենը գեղեցիկ խոսքեր են:

«Որեւէ լուրջ ծրագիր, որը կապահովի Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման կոնկրետ գործիքակազմ` չկա», - ասում է տնտեսագետ պատգամավորը:
XS
SM
MD
LG