Մատչելիության հղումներ

Անգելա Մերկել. «Բազմամշակութային մոտեցումը Գերմանիայում կատարելապես ձախողվեց»


Շաբաթ օրը ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատկան կուսակցության երիտասարդական թեւի անդամների առջեւ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե բազմամշակութայնությունը, իբրեւ հայեցակարգ, ձախողվեց Գերմանիայում։


«Ֆրանկֆուրտում մինչեւ հինգ տարեկան յուրաքանչյուր երեք երեխայից երկուսը գաղթականի ընտանիքից է։ Մենք մի երկիր ենք, որ 196Օ թվականին օտարերկրյա աշխատողներ ենք ընդունել Գերմանիա։ Այժմ նրանք ապրում են մեզ հետ եւ մենք երկար ժամանակ խաբում էինք ինքներս մեզ՝ ասելով, թե նրանք չեն մնա, մի օր բոլորը կհեռանան։ Սակայն իրականությունը այլ է։ Այս բազմամշակութային մոտեցումը, որ իբրեւ թե մենք ապրում ենք կողք կողքի, եւ գոհ ենք միմյանցից, այս մոտեցումը՝ ձախողվեց, աբողջովին ձախողվեց», - հայտարարեց Անգելա Մերկելը։

Թեեւ Գերմանիայում կան տասնյակ ազգերի ներկայացուցիչներ, հասկանալի է, որ կանցլերը նկատի ունի առաջին հերթին Գերմանիայում բնակվող թուրքերին, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում գերմանական արժեքները ընդունելու ցանկությամբ։

Ըստ Մերկելի, գերմանացիները բնութագրում են իրենց հումանիզմի քրիստոնեական արժեքներով։ Կանցլերը նախազգուշացնում է, որ նրանք, ովքեր չեն ընդունում այս իրողությունը սխալ տեղում են հայտնվել։ Գերմանիայում արդեն բնակվում են երրորդ սերնդի երիտասարդ թուրքեր, որոնք մաքուր խոսում են գերմաներեն, բայց նրանցից ոչ բոլորն են պատրաստ ինտեգրվելու գերմանական հասարակությանը: Գերմանիայի ավելի քան 2,5 միլիոնի հասնող թուրք ազգաբնակչության մեծամասնությունը շարունակում է ապրել մեկուսի, պահանջում է թուրքական դպրոցներ, իսլամի դասավանդում թուրք աշակերտների համար։

Ամռանը Բունդեսբանկի՝ գերմանական կենտրոնական բանկի անդամ Թիլո Սարազինը հրատարակեց մի գիրք, որտեղ հեղինակը տագնապ էր հնչեցնում, թե գերմանացիներին սպառնում է ինքնաոչընչացումը։ Գրքի հիմնական թեզն այն էր, որ Իսլամը չի համապատասխանում արեւմտյան արժեքներին։ Այս գիրքը թեժ վիճաբանությունների տեղիք տվեց եւ վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով։ Գրքի հրատարակումից հետո ելույթ ունեցավ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ով հերքեց Սարազինի թեզը, ասելով, թե Իսլամը դարձել է գերմանական մշակույթի մասը եւ այլ կրոնների հետ զուգահեռաբար պետք է դասավանդվի գերմանական դպրոցներում։ Նախագահ Վուլֆի այս հայտարարության ֆոնին` Մերկելի կտրուկ մեկնաբանությունը նշանակում է, որ կանցլերը համաձայն չէ երկրի նախագահի հետ, եւ չի կարծում, որ Իսլամը պետք է կազմի Գերմանիայի մշակույթի մասը։

Նախագահ Վուլֆի հայտարարությունից հետո անցկացվեց հարցում, ըստ որի հարցված գերմանացիների 66 տոկոսը մերժեց նախագահի այն թեզը, թե Իսլամը գերմանական մշակույթի մասն է կազմում։

Անգելա Մերկելը հայտարարել է նաեւ, որ գաղթականները կարող են գալ Գերմանիա, սակայն նրանք պետք է սովորեն գերմաներեն խոսել եւ ընդունեն երկրի մշակութային նորմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG