Մատչելիության հղումներ

Չարենցավանում բողոքում են պտուղ-բանջարեղեն վաճառողները


Պտուղ-բանջարեղենի առք ու վաճառքով զբաղվող Չարենցավանի առեւտրականները վերսկսել են իրենց բողոքի ակցիան քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դիմաց:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերջիններս ասացին, թե Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն իրենցից պահանջում են հսկիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) օգտագործել: Մինչդեռ, իրենց համար շատ դժվար կլինի կիրառել ՀԴՄ-ներ, որովհետեւ իրենք պտուղ-բանջարեղենի մի զգալի մասը ապառիկ են վաճառում:

ՀԴՄ-ների կիրառման փոխարեն փոքր բիզնեսով զբաղվող Չարենցավանի առեւտրականներն ունեն իրենց առաջարկը: - «Հաստատագրված վճար լինի` մենք ամսական տանենք` վճարենք, գլուխներս կախ աշխատենք, մեր ընտանիքը պահենք», - մանրամասնում է բողոքի ակցիայի մասնակցիներից` Օնիկ Գրիգորյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, ՀԴՄ-ներ չկիրառելու համար Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն իրենց արդեն տուգանել են 1 միլիոն 130 հազար դրամի չափով:

«Բոլորս էլ որ հավաքվենք` այդ գումարը չենք կարողանա հավաքել, ելք չկա», - ասում է ակցիայի մեկ այլ մասնակից` Արարատ Չոբանյանը:

Պատասխանելով այսօրվա ակցիա մասնակիցների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը` Պետեկամուտների կոմիտեն, մասնավորապես, պարզաբանել է. - «Չարենցավանի ՏՀՏ աշխատակիցների գործողությունները օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում է եւ բխում է «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքի պահանջներից: Նշված տնտեսվարողները գրանցված չեն եւ աշխատում են հարկային դաշտից դուրս»:
XS
SM
MD
LG