Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները հերքում են ընդդիմության պնդումները ԱՄՆ-ում անցած շաբաթ բացահայտված հայկական խոշոր հանցախմբի ղեկավար` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին:

«Ծիծաղելի, մտացածին, իրականությունից միլիոնավոր կիլոմետրերով հեռու տեղեկություն է: Իհարկե, դա անհեթեթություն է, նման բան լինել չի կարող եւ չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռամիկ Զոհրաբյանն էլ հավելում է. - «Սերժ Սարգսյանն այն անձնավորությունը չէ, որ պզոների հետ կապ ունենա: Մենք քրեական աշխարհի հետ կապված չենք, մենք նրանց ձերբակալում ենք եւ համապատասխան պատիժ ենք տալիս»:

Ինչ վերաբերում է 90-ականներին Հայաստանից հեռացած եւ Ամերիկայում ռեկետի ու խարդախությունների համար մեղադրվող այս անձի հետ Հայաստանի իշխող վերնախավի այլ ներկայացուցիչների մտերմության մասին պնդումներին, Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց. - «Հիմա ինչ է, եթե ես հանկարծ այդ թաղամասում ապրելիս լինեի եւ ճանաչեի, ինձ է՞լ պիտի կապեին այդ մարդու մարդու հետ: Այդ կապը պետք է ապացուցվի իրավաբանորեն, ասվի, որ այ այս-այս հանցագործություններն են կապված այս մարդու հետ»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը վրդովված է նաեւ ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անցկացրած հանրահավաքում հնչեցված այն հայտարարություններից, թե «Պզո» մականունով Արմեն Ղազարյանը 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ համակարգել է մի շարք քրեական տարրերի աշխատանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում:

«Հայաստանի իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, նման խնդիր ոչ ունեցել է, ոչ ունի: Ես անլուրջ եմ վերաբերվում այդ հայտարարություններին, նրանք որեւէ աղերս չունեն իրականության հետ», - հակադարձեց Շարմազանովը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես հերքում է


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես հերքում է «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները:

«Բնականաբար ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը հերքեց նաեւ այն հրապարակումները, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը: «Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», - ընդգծեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG