Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Դովիլ ավանում երկուշաբթի օրը մեկնարկում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա հանդիպումը, որի օրակարգում Եվրոպայի անվտանգության հիմնահարցն է։

Այս տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ն մտադիր է հրապարակել անվտանգության նոր հայեցակարգը, որը ներառում է Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդիրը։

«Մենք կքննարկենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության բարելավման հնարավորությունը, քանի որ ակնհայտ է, որ «սառը պատերազմի» դարաշրջանն անցյալում է», - ասել է Անգելա Մերկելը։

«Գերմանիայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ռուսաստանը վերջերս դրական է արձագանքել Եվրոպայի համատեղ նոր պաշտպանության հայեցակարգ ստեղծելու գաղափարին, սակայն վերապահություն ունի հակահրթիռային համակարգերի նկատմամբ` ենթադրելով, որ դրանց թիրախը կարող են դառնալ նաեւ ռուսաստանյան քաղաքները։

Դովիլի հանդիպման նախօրեին համաեվրոպական վերլուծական հեղինակավոր հաստատությունը` Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրուրդը, հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ Եվրամիությունը պարտավոր է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իր հարեւանության անվտանգության հարցերում, քանի որ Իրանով, Աֆղանստանով եւ Չինաստանով զբաղված Ամերիկայի Միացյալ Նահանգները այլեւս Եվրոպան չի պահում ուշադրության կենտրոնում։

Զեկույցի հեղինակներ Մարկ Լեոնարդի եւ Իվան Կրաստեւի կարծիքով` անվտանգության ներկայիս համակարգը չի կանխել ո'չ Կոսովոյի, ո'չ Վրաստանի պատերազմները, ո'չ Եվրոպայի գազի մատակարարման խափանումները եւ ո'չ էլ նախկին խորհրդային տարածքում առկա հակամարտությունները։

«Մերկել - Մեդվեդեւ - Սարկոզի գագաթնաժողովն ունի ճիշտ օրակարգ, սակայն մասնակիցների սխալ ընտրություն։ Եվրոպական անվտանգության համար անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափ, որը ենթադրում է Եվրամիության, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը», - համոզված են զեկույցի հեղինակները։

Առաջարկվող ֆորումը, ըստ նրանց, չի փոխարինելու գործող այնպիսի կառույցներ, ինչպիսին են ՆԱՏՕ - Ռուսաստան խորհուրդը կամ ԵԱՀԿ-ն, չի փոխարինելու նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ դանդաղ բանակցությունները։

Դրա փոխարեն այն պետք է նպաստի փոխադարձ վստահության ապահովմանը, ինչը հնարավոր կլինի համատեղ ջանքերով Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարգավորելու ճանապարհով։

ՆԱՏՕ-ն զսպել է ակտիվությունը Ռուսաստանի զայրույթը հարուցող Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հարցում, Միացյալ Նահանգները վերաբեռնավորման կոճակն է սեղմել, ռուս - լեհական հարաբերություններում էլ որոշակի հալոցք է։

Հայտնի չէ, թե արդյո՞ք Եվրոպայի երեք ծանրքաշայիններ Գերմանիան, Ֆրանսիան եւ Բրիտանիան կցանկանան Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնին վստահել Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի կարգավորումը։

Զեկույցի հեղինակների փոխանցմամբ` արտաքին քաղաքականության հարցով Եվրամիության 27 երկրների 250 հեղինակավոր պրոֆեսիոնալների շրջանում անցկացված հարցման արդյունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթերի վերլուծությունը վկայում են, որ այդ երկրներում ի հայտ է գալիս Ռուսաստանի հետ անվտանգության ասպարեզում աշխատելու հարցում մոտեցումների մերձեցում։

Զեկույցում ասվում է, որ նախ հարկ է կազմել անվտանգության գործողությունների ծրագիր, որը թույլ կտա առավել անկայուն տարածաշրջանների ապառազմականացման եւ սառեցված հակամարտությունների կարգավորման ճանապարհով թուլացնել աշխարհամասում առկա լարվածությունը։

Եթե այդ փորձերը պսակվեն հաջողությամբ, ապա Եվրամիության երկրների համար կարող է ավելի ընդունելի դառնալ Ռուսաստանի առաջարկած Եվրոպական անվտանգության պայմանագրի գաղափարը։

ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը, այդ թվում Միացյալ Նահանգները, կասկածանքով են ընդունել Դմիտրի Մեդվեդեւի այդ առաջարկը` ենթադրելով, որ ռուսական կողմը այդպես ընդամենը փորձում է ստանալ ՆԱՏՕ-ի որոշումների նկատմամբ վետոյի իրավունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG