Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 16-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագրականը գնահատում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. - «Միջնորդների հայտարարության տեքստում կրկին գրանցվեց ոչ միայն «օկուպացված տարածքներ» տերմինը, ինչն ուղղակի հաստատում է վերջին 16 տարիների ընթացքում Ադրբեջանի հետեւողական քաղաքականության արդյունքում միջազգային բոլոր կառույցներում գրանցված այն կարծիքը, որ հայկական կողմը ագրեսոր է, այլեւ ի հայտ եկավ նոր տերմին` Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի անունը գրվեց Ադրբեջանի քիմքին հարմար` «Խանքենդի»: Համանախագահներին նույնիսկ չի մտահոգել այն պարզունակ փաստը, որ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն իր անվանումը ստացել է Խորհրդային Ադրբեջանի կազմակերպման ընթացքին զուգահեռ եւ որ մինչեւ այդ էլ Ղարաբաղը չի գտնվել Ադրբեջանի կազմում, որովհետեւ բնության մեջ Ադրբեջան չի եղել, Ղարաբաղի մայրաքաղաքն էլ եղել է Շուշին: Զավեշտալի է, որ մի կողմից Մինսկի խումբը հայտարարում է, որ առաջնորդվում է միայն կոնֆլիկտի շրջանակներում առաջացած խնդիրների հարթեցման սկզբունքով ու չի խորանալու պատմական արդարության հարցերում, մյուս կողմից ակնհայտ ցուցադրում է Ադրբեջանի նավթահոտ քաղաքականությամբ ուղղորդվելու հակումը»:

Պնդելով, որ Սյունիքի բնակիչների նկատմամբ իշխանությունները բռնություններ եւ ահաբեկումներ են իրականացրել` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է. - «Դեռ մեկ ամիս առաջ, երբ այցելել էի Սյունիքի մարզ, այնտեղ հանդիպումներ էի ունեցել համայնքի ներկայացուցիչների, բազմաթիվ բնակիչների հետ: Եվ նախնական որոշում էինք ընդունել, թե Տաթեւ - Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսության օրը հնարավոր է օգտագործենք` անցկացնելու պիկետ` բողոքի ակցիա ընդդեմ Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի եւ ի զորակցություն հայրենի զբոսաշրջության: Սակայն պարզվում է, որ մարզի ղեկավարությունը շատ լավ տեղյակ էր այդ մեր պայմանավորվածությանը: Քանի որ բացմանն այսօր` հոկտեմբերի 16-ին, մասնակցելու են Հայաստանի տարբեր պաշտոնյաներ եւ բազմաթիվ օտարերկրացի հյուրեր, անվտանգության ծառայությունը եւ մարզի ողջ ղեկավարությունը հատուկ միջոցառումներ են ձեռնարկում` ուղղված Սյունիքի մարզի տարբեր խմբերի դեմ, խոչընդոտելու, որպեսզի բողոքողները չմասնակցեն մեր ակցիային: Նրանց, ովքեր ներկա են եղել մեր այդ հանդիպմանը, ահաբեկել են` նշելով` հանկարծ չփորձեք մասնակցել այդ պիկետին կամ նման որեւէ միջոցառման»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում իր աշխատանքներն ավարտած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» համահայկական խորհրդաժողովը տարածաշրջանային ու համաշխարհային նոր կացությանը համիմաստ գործելու՝ Հայաստանի ու հայության ցանկության ու կամքի արտահայտությունն էր։ Հայտնի է, սակայն, որ մեր ժամանակներում՝ տեղեկատվության դարում, առանց համապատասխան կազմակերպման մեխանիզմների, նման ցանկությունը, անգամ կամքը բավարար չեն նորագույն մարտահրավերներին դիմակայելու համար։ Բանն այն է, որ վերջին տասնամյակում հայկական կողմը հետ է մնացել իր դեմ ծավալվող տեղեկատվական պատերազմի առանձնահատկությունների ընկալման, դրանց համարժեք գործելու ասպարեզում։ Այդ մասին շատ է խոսվել ու գրվել, ուստի ստեղծված իրավիճակը ուղղակի թելադրում է անհապաղ քայլեր ձեռնարկել տեղեկատվական պատերազմում անհուսալիորեն հետ չմնալու համար»։

«Կապիտալ» թերթին տված հարցազրույցում գնահատելով Հայաստանի ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները` Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ղեկավար Կարապետ Ռուբինյանը պնդում է, որ արդար եւ թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար «ոչ թե Ընտրական օրենսգիրք, այլ իշխանությունների քաղաքական կամքն է անհրաժեշտ». - «Ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն եւ բնականաբար նման կամք դրսեւորել չեն կարող։ Առհասարակ ԸՕ-ում անթիվ-անհամար փոփոխություններ են արվել, եւ չնայած այդ փոփոխությունները գովերգվել են, արժանացել են Վենետիկի հանձնաժողովի բարձր գնահատականին, միեւնույն է, չեն կարողացել ընտրական արատավոր մշակույթի մեջ մտցնել դրական փոփոխություն, քանի որ չկա փոփոխություն իրականացնելու ցանկություն։ Ամենավատ օրենքի դեպքում էլ, եթե կա իշխանությունների կողմից ցուցաբերված քաղաքական կամք, կարելի կլինի իրականացնել արդար եւ թափանցիկ ընտրություններ, եւ հակառակը, որեւէ լավ գրված օրենք չի կարող արգելել թաղի խուժանին համագործակցել իշխանությունների հետ եւ կեղծել ընտրությունները կամ կազմակերպել ընտրակեղծիքներ»։

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ այս տարվա հոկտեմբերի 23-28-ը Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Չեբարկուլսկի զորավարժարանում տեղ կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման ուժերի վարժանքները, որոնք կկրեն «Փոխգործակցություն-2010» անվանումը: Վարժանքներին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինծառայողները, իսկ Բելառուսը կմասնակցի դիտորդների միջոցով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG