Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Հայաստանի տնտեսական համակարգը հարմարեցված է երկրի անխնա թալանի պահանջներին»


Տեր-Պետրոսյան՝ Կոռուպցիան տիրել է Հայաստանին
please wait

No media source currently available

0:00 0:08:13 0:00

«Հայաստանի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն` երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ», - ընդդիմադիր Հ

«Հայաստանի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն` երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ», - ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքում ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ` քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով», - դիմելով Մատենադարանի մետ հավաքված ցուցարարներին` շարունակեց Տեր Պետրոսյանը` իշխանությունների «հանցակիցը» որակելով դատական մարմիններին, «նոմենկլատուրային մտավորականությանը», տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին:

Ըստ Կոնգրեսի առաջնորդի, Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա. «պետական ռեկետ է», որի արդյունքում գոյանում է երկու բյուջե՝ «մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը` իշխանությունների գրպանում հայտնվածը, որը
Ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ: 15-ը հոկտեմբերի, 2010 թ.
անհամեմատ մեծ է առաջինից»:

«Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը` հավելելով. - «Եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար: Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Այսինքն՝ միջին աշխատավարձը 283 դոլարի փոխարեն պիտի կազմեր 566 դոլար»:

2008 թվականի մարտի 1-ին, ըստ Տեր Պետրոսյանի, «ավազակախմբի առջեւ կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը». - «Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ»։

Հայտարարելով, որ կոռուպցիայով «վարակված է իշխանության ողջ վերնախավը», «բնակչության մեծամասնությունը թշվառության է մատնված» եւ «արտագաղթը հասել է աղետալի չափերի»` ՀՀ առաջին նախագահը ընդգծեց. - «Հանդուրժել այս ամենը` կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը ողբերգություն է։ Եթե առաջիկայում վիճակը չփոխվի, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեր երկիրը դատապարտված է անխուսափելի կործանման»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը իր ելույթում անդրադարձավ ԱՄՆ-ում ամերիկահայերի հանցախմբի ձերբակալությանը` հայտարարելով, թե կառույցի ղեկավարը, ըստ լրատվամիջոցների, սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների հետ:

«Այդ մարդը հայտնի է նրանով, որ ՀՀ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ համակարգել է մի շարք քրեական տարրերի աշխատանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում: Այսինքն` բոլոր այն տարրերին, որոնց նկատմամբ իշխանություններն ունեցել են վերահսկողություն», - հայտարարեց Զուրաբյանը` հավելելով. - «Փաստորեն այն ավազակապետությունը, ինչի մասին մինչ այժմ խոսում էր միայն ՀԱԿ-ը, այսօր միջազգային գրանցում ու ճանաչում է ստանում»:

Հանրահավաքում ներքաղաքական իրավիճակին անդրադարձը շատ կարճ էր, քանի որ, ինչպես հայտարարվեց, Հայաստանում ժողովրդավարության վիճակի թեման հոկտեմբերի 19-ի հանրահավաքի եւ «Հանուն ժողովրդավարության ապագայի» միջազգային համաժողովի օրերին կայանալիք այլ ակցիաների առանցքում է լինելու:

Լեւոն Զուրաբյանը, վկայակոչելով Հելսինկիում գտնվող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին, հայտարարեց, որ 37 երկրների 5 տասնյակից ավելի լիբերալ կուսակցություններ հոկտեմբերի 15-ի իրենց համագումարում ընդունել են բանաձեւ, որով «Հայաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

ՀԱԿ հանրահավաքն ավարտվեց երթով դեպի Հյուսիսային պողոտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG