Մատչելիության հղումներ

«Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի


Հայաստան – Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը (ձախից) եւ նրա իրանցի գործընկեր Մաջիդ Նամջուն մասնակցում են հայ-իրանական բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի մեկնարկին, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայաստան – Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը (ձախից) եւ նրա իրանցի գործընկեր Մաջիդ Նամջուն մասնակցում են հայ-իրանական բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի մեկնարկին, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

2011 թվականին կմեկնարկի «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի շինարարությունը: Համապատասխան հուշագիրը այսօր Երեւանում ստորագրեցին Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը եւ Մաջիդ Նամջուն:

«Պայմանագիրը ստորագրելուց հետո նախատեսվում է շատ կարճ ժամկետում սկսել «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը», - իր խոսքում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Մաջիդ Նամջուն նշեց, որ «Մեղրի» ՀԵԿ-ի շինարարական աշխատանքների մեկնարկի հարցը քննարկվելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` հոկտեմբերի վերջին Իրան կատարելիք այցի ընթացքում:

«ՀԷԿ-ի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ, սկիզբն են այն նախագծերի, որ մենք պետք է իրականացնենք էներգետիկայի ոլորտում», - հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարարը:

Շինարարությունը ամբողջությամբ իրականացնելու է իրանական կողմը, իսկ կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ 323 միլիոն դոլարը հայթայթելու է իրանական Farab-Sebasat ներդրող ընկերությունը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարում:

Շահագործումից 15 տարի հետո 130 մեգավատ հզորություն եւ տարեկան 800 միլիոն կիլովատտ / ժամ արտադրողականություն ունեցող «Մեղրի» հիդրոէլեկտրակայանը սեփականության իրավունքով կհանձնվի Հայաստանին:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում է երկու հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցում` յուրաքանչյուրը 130 մեգավատ հզորությամբ, որոնցից մեկը` «Մեղրի» ՀԷԿ-ը, տեղակայված կլինի Արաքս գետի հայկական ափին, մյուսը` «Ղարաչիլար» ՀԷԿ-ը, իրանական: Կասկադի գլխամասային հանգույցը գտնվելու է Հայաստանում:
XS
SM
MD
LG