Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը ցավակցական նամակ է հղել ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի հարազատներին


Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ

Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ

Հայաստանի իշխանությունները ուսումնասիրում են սեպտեմբերի 11-ին գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առիթով միջազգային ատյաններին դիմելու եւ համապատասխան փոխհատուցում ստանալու հնարավորությունները: Սարիբեկյանի հարազատներին հղած ցավակցական նամակում այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարությունից «Ազատություն ռադիոկայանին փոխանցեցին, որ խոսքը նաեւ Եվրոպական դատարան դիմելու եւ ֆինանսական փոխհատուցում ստանալու մասին է:

Ադրբեջանական բանտում մահացած Մանվել Սարիբեկյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկ շաբաթ առաջ պնդում էին, թե Մանվելի հորը թույլ չեն տվել հանդիպել նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այսօր ստացած նամակում Օհանյանը երիտասարդի ծնողներին հանդիպելու պատրաստակամություն է հայտնել:

«Շաբաթ-կիրակին անցնի` ասաց կընդունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Մանվելի մայրը` Սիրանուշ Բալյանը:

Նամակում նախարարը մահացած երիտասարդի ծնողներին նաեւ հավաստիացրել էր, թե Հայաստանի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են Մանվելի դին Հայաստան տեղափոխելու համար:

«Խնդրում եմ, իմ սիրտը վկայում է, որ իմ երեխան ողջ է, Սերժ Սարգսյանին խնդրում-աղաչում եմ, բերի ինձ հասնի: Ոչ մի բան չեմ ուզում, մենակ իմ բալին եմ ուզում», - ասում է մայրը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ զինդատախազության տարածած համատեղ հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախնական կալանքի վայրում գտնվող 20-ամյա երիտասարդը հոկտեմբերի 5-ին ինքնասպանություն է գործել:

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Սարիբեկյանը հայ հետախույզ է: Հայկական կողմը, սակայն, հերքում է այս հայտարարությունները, պնդելով, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի շրջակա սարերում մոլորված Հայաստանի քաղաքացուն` Մանվել Սարիբեկյանին, գողացել եւ սպանել են ադրբեջանական բանտում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն 10 օր բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ Մանվել Սարիբեկյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, առայժմ` ապարդյուն:
XS
SM
MD
LG