Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը լի է հայկական հանցախմբի գործի մասին նյութերով


Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

Միացյալ Նահանգներում բացահայտված հայկական հանցախմբի գործը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է:

«Իրական բժիշկներ, իրական հիվանդներ, մնացած ամեն ինչը` կեղծ». - այսպես է վերնագրել հեղինակավոր The New York Times-ը հայկական հանցավոր խմբավորման կողմից մշակված զեղծարարության մեխանիզմը:

«Մաշկաբանները գումարներ էին պահանջում սրտի աշխատանքը ստուգելու համար, ակնաբույժները` արյան անալիզ վերցնում, դիահերձողները հանդիպում էին կենդանի մարդկանց հետ։ Այս` երբեւէ չմատուցված ծառայությունների համար հանցագործները հաշիվներ էին ուղարկում ապահովագրական Medicare համակարգին, մինչ կառավարությունը ջանքեր էր գործադրում` առողջապահական համակարգում առկա ֆինանսական ճեղվածքը լրացնելու ուղղությամբ», - գրում է հեղինակավոր պարբերականը:

Գրեթե բոլոր պարբերականները ընդգծում են, որ իրականում հանցագործության մեխանիզմը եղել է շատ մանրակրկիտ մշակված եւ լավ աշխատող:

«Հնարամտության առումով հատկանշական էր այն, որ այս մեխանիզմը բացառել է ուղիղ կապը բժիշկների եւ հիվանդների միջեւ, այնպես որ` որեւէ անգամ որեւէ հիվանդ չի բողոքել Medicare-ին, ասենք, սխալ բուժումից կամ ոչ պատշաճ ձեւով մատուցված ծառայություններից», - գրել է հեղինակավոր մեկ այլ պարբերական` Forbes հանդեսը եւ մանրամասնել. - «Ըստ էության, հանցավոր համակարգի բոլոր օղակները կուռ էին, այդուամենայնիվ, որոշ աշխատակիցներ թերացել են իրենց գործում, եւ հենց դա էլ դարձել է այս զանգվածային զեղծարարությունը բացահայտելու պատճառը»։

Ամերիկյան Examiner-ը նշում է, թե ապահովագրական ընկերությունը մի քանի անգամ հայտնաբերել է կեղծված տվյալներ, հանցագործները անգամ ստիպված են եղել «փակել» միայն թղթի վրա գոյություն ունեցող բժշկական հաստատություններից մեկը, սակայն դրանց թիվը անցնում էր 100-ից, ու Medicare ուղարկվող կեղծ հաշիվների թիվը` ամսեամիս ավելանում։

Ապահովագրական ընկերություններից գումարներ շորթելու համար, ըստ The Wall Street Journal-ի, հանցավոր խմբավորումը մի քանի այլ մեխանիզմ էլ է մշակել. - «Դրանցից մեկով, օրինակ, ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց պատկանող ավտոմեքենաները իբր վթարի են ենթարկվել. հետո այդ մասին փաստաթղթերը ուղարկել են մասնավոր ապահովագրական ընկերություններին եւ գումարներ պահանջել»։

Զեղծարարության մեկ այլ մեխանիզմ է ներկայացնում The Los Angeles Times-ը: Դրա համաձայն` կասկածյալները նաեւ կեղծ դեղատոմսեր եւ ուժեղ ցավազրկող դեղեր են վաճառել, որոնք շատերի կողմից որպես թմրանյութ են օգտագործվում։ Ընդ որում, ոստիկանության համաձայն, հանցավոր խմբավորման անդամները շատ դեպքերում բռնություն են գործադրել ու սպառնալիքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր իրենց չեն ենթարկվել, կամ փորձել են յուրացնել ստացված շահույթը։

Չնայած ամերիկյան մամուլը լի է այս գործի մասին նյութերով, այդուամենայնիվ, ձերբակալված ամերիկահայերի մասին անձնական տեղեկությունները շատ չեն, նշվում է միայն, որ նրանց մեծ մասը արտագաղթել է նախկին Խորհրդային Միությունից, պարագլուխը` «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Ադրբեջանից է դիմել Միացյալ Նահանգներին` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, Գլենդեյլում հսկայական առանձնատուն է ունեցել եւ 350 հազար դոլարանոց «Ռոլս-Ռոյս» քշել։ Հեղինակավոր Politico բլոգն էլ նշում է, թե քրեական գործով անցնող կասկածյալներից մեկը` Պողոս Սատմանյանը նաեւ Դեմոկրատական կուսակցության դոնորներից մեկն է եղել. ընդամենը մի քանի ամիս առաջ` հուլիսին Սատմանյանը հրապարակավ 10 հազար դոլար է փոխանցել իշխող կուսակցությանը, ընդգծում է Politico-ն։

Ամերիկյան գրեթե բոլոր հեռուստակայաններից սկսած մինչեւ BBC, Al Jazeera եւ Euronews անդրադարձել են այս թեմային:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG