Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում Մինսկի խմբի հայտարարությանը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությանը Հայաստանի արտգործնախարարությունը չի արձագանքում, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան փոխանցեց ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանյան մամուլն այսօր տարբեր վտանգներ է նկատել համանախագահների ձեւակերպումներում: Մասնավորապես, ըստ այդ հրապարակումների, համանախագահներն առաջին անգամ են օգտագործում «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը, իսկ Ստեփանակերտին զուգահեռ` կիրառում են ադրբեջանական Խանքենդի տարբերակը, եւ այլն:

Մինչդեռ, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նշեցին, որ նման ձեւակերպումները նախկինում էլ եղել են, եւ դա չէ հիմնական մտահոգող հանգամանքը:

«Վիրավորական է այն, որ նշված է Լեռնային Ղարաբաղի տեղական դե-ֆակտո իշխանություններ», - նշեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Կարծես թե ավելի կողմնակալ են ի օգուտ Ադրբեջանի, քան թե ղարաբաղյան կողմի», - նշեց Հանրապետական պատգամավորը` հավելելով, որ հայկական կողմի համար ընդունելի չեն նաեւ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքներ», «Ստեփանակերտ/Խանքենդի» ձեւակերպումները:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, ասում է, որ համանախագահների հայտարարությունում որեւէ նոր բան չկա:

«Ես կարծում եմ, որ ուղղակի հետեւողական է Մինսկի խումբը, եւ մասնավորապես, Ադրբեջանի ազդեցության ուժեղացումը միշտ էլ եղել է գերակա, եւ այս առումով որեւէ փոփոխություն չեմ տեսնում», - ասաց Ալավերդյանը: - «Կա անհավասարակշռություն, որը գալիս է նրանից, որ մի կողմը` Ադրբեջանը, ակտիվ է, հայկական կողմը` պասիվ է»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նման զարգացումները իրենց համար անսպասելի չէին. - «Ադրբեջանական դիվանագիտության վերջին երեք տարիների աշխատանքի արդյունք է»:

«Երբ ողջ հայկական դիվանագիտությունը եւ արտաքին քաղաքականությամբ զբաղվող գործիչները իրենց ջանքերը ուղղում էին միայն մեկ բանի` Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը արտասահմանում ներկայացնելու, Ադրբեջանը հետեւողականորեն տարբեր ատյաններում, տարբեր միջազգային կառույցներում նախապատրաստում էր այն ձեւակերպումները, որոնք այսօր տեղ գտան այդ հայտարարության մեջ», - ասաց Արզումանյանը:

Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, ի սկզբանե մտահոգիչ էր դաշտային առաքելության նպատակը, ինչն արտացոլված է նաեւ հայտարարությունում:

«Իրենք եկել էին նայելու, որ այդ տարածքները, երբ որ վերադարձվեն` ադրբեջանցիները կարո՞ղ են գալ վերաբնակվել, թե չէ: Իրենց ցանկությունը եւ նպատակը այդ է, բայց որ այս այցելությամբ արդեն մենք հանձնում ենք` ոչ», - նշեց Մանոյանը:

«Փաստ է, որ նահանջ է արձանագրվել, եւ մենք մեր դիրքերը զիջում ենք ամեն քայլափոխի», - կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը. - «Այս ձեւակերպումները շատ վտանգավոր են, եւ ի վերջո, սա նպաստելու է ոչ հայանպաստ որեւէ լուծում մեզ պարտադրելու գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG