Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատեց սահմանադրական փոփոխությունները


Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրաստանի օրենսդիրները ուրբաթ օրը հաստատեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առավել մեծ իշխանություն է ստանում վարչապետը եւ կրճատվում են նախագահի իրավասությունները: 112 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված օրինագծի համաձայն 2013 թվականից հետո Վրաստանը կառավարման նոր համակարգի է անցնելու:

Սահմանադրական նախագիծը քննադատողները պնդում էին, որ այս քայլը կարող է հնարավորություն տալ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին իր ձեռքում պահել իշխանությունը` 2013 թվականին իր երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի լրանալուց հետո:

Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել էր, թե նոր սահմանադրությունը «անհատների համար չի ձեւված», եւ դրա նպատակը իշխանությունը պահելը չէ, այլ ներկայիս իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների շարունակականությունը ապահովելն է:

Քվեարկությունը սկզբնապես նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, սակայն խորհրդարանը հետաձգեց այն` հնարավորություն տալով օրենսդիրներին առավել մանրամասն ուսումնասիրել այն վերջնականապես հաստատելուց առաջ:

Նոր սահմանադրության նախագիծը կազմվել եւ ընդունվել է Պետական սահմանադրական կոմիտեի կողմից, որի կազմում եղել են իշխանության, ընդդիմության, ինչպես նաեւ ոչ կառավարական եւ ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ կայացած քննարկումների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել նախագծի 15 հարցերի շուրջ, որոնց մեջ է մտնում խորհրդարանի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու ժամկետների կրճատումը:

Նախագահը նոր սահմանադրությամբ իրավունք չի ունենա խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ինչպես նաեւ իրավունք չի ունենա նշանակել Գլխավոր շտաբի պետին եւ այլ զինվորական ղեկավարների` առանց որոշումը վարչապետի հետ համաձայնեցնելու: Բացի այդ, նախագծի համաձայն, ընտրվելուց հետո նախագահն այլեւս չի կարող այլ բարձր պաշտոններ զբաղեցնել, օրինակ` որեւէ կուսակցություն ղեկավարել:

Ավելացվել է մի կետ, որի համաձայն` նախագահը պարտավոր է կառավարության կազմը ներկայացնել խորհրդարանին հաստատման համար: Խորհրդարանը իրավունք է ստանում անվստահություն հայտնել կառավարությանը, իսկ կառավարությունը իրավունք է ստանում անվստահություն հայտնել յուրաքանչյուր օրինագծի: Կառավարության եւ խորհրդարանի անհամաձայնության դեպքում նախագահին տրվում է դատավորի դերը:

Սահմանադրության նախագծի համաձայն, այն ուրբաթ օրը հաստատվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2012 թվականին երկրում սպասվող խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Վենետիկի հանձնաժողովը դիմել է Վրաստանի խորհրդարանին` կոչ անելով սպասել նախագծի վերաբերյալ եվրոպական փորձագետների կարծիքին եւ միայն այն ստանալուց հետո ընդունել փաստաթուղթը: Սակայն չնայած այս կոչերին` Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցման է դրել օրինագիծը:

Եվրոպայի խորհուրդը հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի սահմանադրության նախագիծը կքննի ուրբաթ օրը սկսվող նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG