Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր հայկական խոհանոցի «բրենդ» են համարվում խորովածն ու քյաբաբը: Հարեւան երկրների հետ պայքարում ենք ապացուցելու, որ տարբեր ուտեստներ հենց հայկական ծագում ունեն, չնայած մեր իսկ երկրում զբոսաշրջիկներին «ազգային խոհանոցի գոհարներ» խորագրի ներքո միշտ չէ, որ առաջարկում ենք հայկական ավանդականը:

Հայ խորհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեթրակ Մամուլյանն ու ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը նշում են, որ հայկական ազգային ուտելիքները չեն սկսվում ու ավարտվում տոլամայով ու հարիսայով: Նրանց կարծիքով` Հայաստանում այսօր հմուտ ու գիտակ խոհարարների պակաս կա:

«Գոյություն ունի հայկական հարուստ ու բազմազան խոհանոց, որն այսօր հանրահռչակման կարիք ունի», - ասաց Ռուզաննա Ծատուրյանը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվում է կիրառական ազգագրություն ծրագիր, որի նպատակն է ժողովրդական մշակույթի տարբեր ոլորտների վերաբերյալ մատչելի եւ կիրառական տեղեկատվության տրամադրումը հանրությանը: Ծրագրի շրջանակներում հրատարակվելու է նաեւ հին հայկական ավանդական ուտեստների մասին գիրք, որը կազմվել է Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 60 բնակավայրերից հավաքված նյութերի, ինչպես նաեւ հայկական խոհանոցի մասին տարբեր ժամանակների հիշատակումների հիման վրա:

Մեր տարածաշրջանի երկրների խոհանոցների կռվախնձոր դարձած տոլմայի մասին խոսելիս` Սեթրակ Մամուլյանը նշում է, որ այն հատուկ է բոլոր երկրներին որտեղ եղել են խաղողի այգիներ: Ըստ նրա` «տոլմա»-ն հին ուրարտերենում նշանակել է խաղողի վազ:

Գարնանը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը նախաձեռնելու է տոլմայի փառատոն, որի ընթացքում ներկայացնելու է ուտեստը պատրաստելու համապատասխան սարք. այժմ ինժեներները զբաղված են այդ սարքի նախագծմամբ:

XS
SM
MD
LG