Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 15-ի մամուլ


Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին Պոտսդամում Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցությունների` Հայոց համազգային շարժման, Վրաստանի հանրապետական կուսակցության եւ Ադրբեջանի «Մուսավաթ»-ի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել: Հայաստանյան քաղաքական ուժերը քննադատեցին հռչակագրի ստորագրումը` նշելով, թե «ղարաբաղյան հարցում պարտվողական կեցվածք ունեցող» ՀՀՇ-ն չի կարող այս հռչակագրով որեւէ բան տեղից շարժել: Այս հարցով «Առավոտ»-ի հետ զրուցել է Վրաստանի հանրապետական կուսակցության քարտուղար Իվլիան Խաինդրավան: Նա ասում է. - «ՀՀՇ-ի իշխանության օրոք ղարաբաղյան ուղղությամբ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, եւ դա, ի դեպ, բավականին հաջող է իրականացվել հայկական կողմի համար: Հիմա ՀՀՇ-ն մեղադրվում է բացարձակապես այլ բանում… Հռչակագրում մենք մեր հավատարմությունն ենք հայտնում համամարդկային արժեքներին, եւ չեմ հասկանում, թե այդ ո՞ր դիրքերից կարելի է կասկածի տակ առնել հռչակագրում ամրագրված դրույթները: Կարծում եմ` ջրից էլ պարզ է, որ դա քաղաքական սպեկուլյացիա է: Նույն հաջողությամբ հենց նույն Դաշնակցությանը, Աստված գիտե, թե ինչ մեղադրանքներ կարելի է ներկայացնել Բաքու մեկնելու ու այնտեղ Սոցինտերնի համաժողովին մասնակցելու համար»:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Իրավունք»-ին ասել է. - «Չպետք է պարբերաբար, երկու տարին մեկ կամ տարին մի քանի անգամ այդ հարցը հանձնել Հայաստանի խորհրդարանի քննարկմանը, այնուհետեւ խորհրդարանը, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, հետաձգի այն: Այսինքն` համայն հայության համար այդ կարեւորագույն խնդիրը ինչ-որ ձեւով արժեզրկվում է, որը ճիշտ չէ: Արցախի անկախությունը Հայաստանը կարող է ճանաչել նպատակահարմար պահին բավականին կարճ ժամանակահատվածում, բայց որպեսզի այն տեղի ունենա, հարկավոր են շատ լուրջ հիմքեր, քաղաքական զարգացումներ, որ այլընտրանք չմնա: Այդ իսկ պատճառով, իմ կարծիքով, վաղաժամ է նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալ եւ պետք է նաեւ մտածել, որ այդ գաղափարը սուրբ գաղափար է եւ խաղալ ու արժեզրկել դա ուղղակի անթույլատրելի է»:

«ժամանակ»-ի զրույցակիցն է Միացյալ Նահանգների Atlantic Council-ի Եվրասիայի էներգետիկ կենտրոնի ասոցիացված տնօրեն Ալեքսանդրոս Փիթըրսընը: Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ նա ասում է. - «Ես գտնում եմ, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ լավատեսության հիմքեր գրեթե չկան: Վաշինգտոնը այս առումով եւս լավատեսության որեւէ հիմք չի կարող ունենալ, որ մոտ ապագայում գործընթացը կարող է վերսկսվել: Թուրքիայում մեծ ընդդիմություն կա այդ գործընթացի դեմ, եւ այդ ընդդիմությունը այսօր ավելի հզոր է, քան մեկ տարի առաջ: Հեռանկարը ոչ մի հույս չի ներշնչում, սակայն ԱՄՆ-ի քաղաքականության մշակները գտնում են, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբեռնումը պետք է բխի Երեւանի եւ Անկարայի անմիջական շահերից: Եվ այստեղ Երեւանն ու Անկարան, պետական գործիչները պետք է իրենց գործունեությունն ուղղեն այս ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը նույն ջանասիրությամբ կլծվի հաշտեցման գործընթացին աջակցելու, ես խորապես համոզված եմ, որ երկրորդ շրջանը պետք է սկսեն Երեւանն ու Անկարան»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը ասում է. - «Պարոն Ծառուկյանը անցած խորհրդարանական քառօրյայում բարձրաձայնեց շատ կարեւոր գաղափար։ Այն է՝ ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի այն ուժերից է, որը պայքարել է եւ պայքարում է ընտրություններում «50+1» տոկոս ստանալու համար։ Սա չի նշանակում, թե չենք ընդունում, որ այսօր քաղաքական դաշտում կա քաղաքական ուժ, որը թիվ առաջինն է։ Այսօր Հանրապետականը իսկապես առաջինն է իր ընտրազանգվածով, օրենսդիր եւ գործադիր իշխանության մեջ զբաղեցրած պաշտոններով։ Սակայն մրցակցային ընտրությունը ենթադրում է, որ ընտրությունների արդյունքները նախապես չեն կարող կանխորոշված լինել, եւ «առաջինի» տիտղոսը հավերժ ամրագրված չէ այս կամ այն քաղաքական ուժին»։

«Կապիտալ»-ը գրում է. - «Կառավարությունը վերանայում է «հավակնոտ ծրագրերի» առաջնահերթությունը, եւ Զարգացման հայկական գործակալությունը Երեւանի Չարենցի 17 հասցեում իր տեղը զիջում է Համահայկական բանկին»: Քննարկելով ստեղծման օրվանից անցած 12 տարիների ընթացքում Զարգացման հայկական գործակալության «անարդյունավետ գործունեությունը»` թերթը նշում է. - «Անհասկանալի է նաեւ, թե ինչու է կառավարությունը որոշել այդ շենքը հատկացնել Համահայկական բանկին, որը փաստացի մինչ օրս ո'չ տնօրեն ունի, ո'չ էլ գործում է։ Թեեւ դեռ մայիսի 22-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «շուտով կնշանակվի Համահայկական բանկի գործադիր տնօրենը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG