Մատչելիության հղումներ

Փաստաբանները դժգոհում են իրենց գրասենյակներում ՀԴՄ տեղադրելու ծրագրից


Կառավարության նիստ

Կառավարության նիստ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային Ժողով:

«Սահմանվում է, որ ՀԴՄ կներդրվի նոտարների եւ փաստաբանական գործունեություն իրականացնող ոլորտներում, առեւտրի այն օբյեկտներում, որտեղ կոնկրետ վճարումներ են կատարվում», - փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Առաջարկած փոփոխություններով կառավարությունը հստակեցնելու է նաեւ ՀԴՄ չկիրառելու դեպքում սահմանված պատժամիջոցները: Պետեկամուտների կոմիտեն հույս ունի, որ օրենքը գործողության մեջ կմտնի 2011 թվականից:

Փաստաբան Արա Զոհրաբյանն անընդունելի եւ անթույլատրելի է համարում ՀԴՄ-ների հնարավոր կիրառումն իրենց գործունեության մեջ:

«ՀԴՄ-ների կիրառումը արդեն իսկ ենթադրում է, որ փաստաբանական գրասենյակներին ճնշելու փորձ է նաեւ լինելու», - կարծում է փաստաբանը: Իսկ այդպիսի միտումներ, եղել են, հավելում է Զոհրաբյանը. - «Մասնավորապես, «Կարախանյան եւ գործընկերներ» գրասենյակի նկատմամբ հարկային ծառայությունը վարչական ակտ էր կազմել, քրեական գործ էր հարուցել: Եվ դա միայն նրա համար, հավանաբար, որ այդ կազմակերպությունը հարկային մարմնի դեմ գործեր է ներկայացնում: Ես կարծում եմ մենք պետք է սա բացառենք»:

Զրուցեցինք նաև մեկ այլ փաստաբանի, Գեւորգ Գյոզալյանի հետ, նա նույնպես բացասաբար է վերաբերվում կառավարության առաջարկին: Չի կարելի փաստաբանին դիտել որպես պոտենցիալ ձեռնարկատերեր, քանի որ նրանք երբեմն անվճար ծառայություններ են մատուցում, ասում է Գյոզալյանը:

«ՀԴՄ-ներ եթե կիրառեն, ես կարծում եմ, որ այս ինստիտուտի [փաստաբանների] անկախությունը միանշանակորեն սահմանափակելու են: Որովհետեւ նորից մեր հարկային տեսուչները գալու են կանգնեն փաստաբանների գլխին` սրան տվեցիր ՀԴՄ, նրան տվեցիր… բայց շատ ժամանակ մենք իրավաբանական ծառայություններ ենք մատուցում անվճար հիմունքներով, որովհետեւ փաստաբանի խնդիրը ոչ միայն գումար աշխատելն է, այլ նաեւ օրինականություն քարոզելը», - նշեց Գեւորգ Գյոզալյանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 23-ին կայանալիք Փաստաբանների պալատի խորհրդին առընթներ գիտավերլուծական կենտրոնի հանձնաժողովների անդրանիկ նիստում հավանաբար կքննարկվի նաև այդ հարցը: Իսկ արդարադատության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ նոտարները դեռ վաղ են համարում խոսել առաջարկվող փոփոխության մասին:
XS
SM
MD
LG