Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը կայցելի Հայաստան


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, հայտարարել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԱՀԿ ԽՎ) Պետրոս Էվթիմիուն` երեկ Աթենքում ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:

Էվթիմիուն նշել է, որ հակամարտության կարգավորման ամենագործուն ձեւաչափը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, եւ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը:

Ըստ Պետրոս Էվթիմիուի` հարցը չի կարելի տեղափոխել այլ կառույց:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ ընդգծել հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ եւ գործուն ձեւաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար, ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրել է Հայաստան, հրավերը ընդունվել է:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը եւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկոյան մասնակցել են հունահայ համայնքի հետ կազմակերպված հանդիպմանը:

Նույն օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել հույն գործընկերների հետ:

Այսօր Ազգային ժողովի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հունաստանից մեկնում է Կիպրոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG