Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատեց այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, սպա Վարդան Մարտիրոսյանը: Նա կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ:

Ինչպես գրում է մամուլը, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ստիպել է զինվորականներին իր համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնել, սակայն աշխատավարձով ապրող զինվորականները պարտքերը չեն կարողացել մարել, եւ լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքող հրամանատարին ետ են կանչել Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, եւ ձերբակալել:

Վարդան Մարտիրոսյանին այսօր, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրվի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Արարատի զորամասի սպային ձերբակալել են Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական նպատակներով: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության լրատվական բաժինը այս կապակցությամբ որեւէ տեղեկատվություն չի հաղորդում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բաժնի պետ Մուշեղ Աղեկյանը` իրենք այս դեպքի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունեն:

Այն, որ զինված ուժերում ծառայող սպան կարող է ստիպել զինծառայողներին վարկեր վերցնել ու գումարներն իրեն տալ, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ցույց է տալիս, որ բանակում մի խավ կա, որն իրեն լիովին անպատժելի է զգում եւ կարող է կատարել ցանկացած հանցագործություն:

Հարցին, թե ինչո՞ւ են պայմանագրային զինծառայողները պայմանագրային զինծառայողները համաձայնել վարկեր վերցնել, եւ գումարները իրենց ղեկավարին տալ, իրավապաշտպանը պատասխանեց. - «Պայմանագրային զինծառայողները ստիպված են եղել ենթարկվել հրամանատարի պահանջին, զուտ վախենալով, որ իրենց կարող են աշխատանքից հեռացնել»:

Հավելենք, որ ԱԿԲԱ բանկից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք, ի թիվս այլ հաստատությունների, աշխատում են նաեւ Պաշտպանության նախարարության հետ` սպասարկելով զինծառայողների աշխատավարձերը, եւ եթե վերջիններս աշխատավարձ են ստանում այս բանկի միջոցով, իրավունք են ստանում նաեւ ունենալ վարկային գիծ: Ինչ վերաբերում է կոնկրետ Արարատի զորամասին, ապա բանկից փոխանցեցին, որ ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված որեւէ խնդիր տվյալ զորամասի հետ չունեն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG