Մատչելիության հղումներ

Մարիո Նալբանդյան. «Դաշտային առաքելությունը կնպաստի բանակցային գործընթացին»


Մարիո Նալբանդյան

Մարիո Նալբանդյան

Դաշնակցության բյուրոյի անդամ, Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի ու Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը համոզված է, որ Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային առաքելությունը նպաստելու է բանակցային գործընթացին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նալբանդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այցելեցին նաեւ Ստեփանակերտ. - «Նախ Ստեփանակերտ այցելեցին` Ստեփանակերտը նկատի առնվեց այս շրջապտույտի մեջ. վերջապես, կարելի է նկատել, որ իբրեւ կողմ, փաստորեն, նկատի առնվեց: Եվ Ստեփանակերտի հանդիպումները, հուսամ, դրական արդյունք կունենան»:

Միաժամանակ, Սոցինտերնի հանձնախմբի համանախագահի խոսքերով, հայկական կողմը պետք է հետեւողական լինի, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը նմանատիպ առաքելություն կատարի նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Համանախագահների ներկայությունը, նրա կարծիքով, կնպաստի մթնոլորտը հանդարտեցնելուն եւ բանակցային գործընթացը նորմալ պայմաններում անցկացնելուն:

Մարիո Նալբանդյանը կարծիք հայտնեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Ղարաբաղի իշխանությունները դառնան բանակցային կողմ, «որովհետեւ եղել են բանակցային կողմ` Ադրբեջանը ժամանակին ընդունել է»: «Ճիշտ ձեւով չի այսօր գնահատվում այն կարողականությունը, որ կարող է բերել Ղարաբաղի մասնակցությունը: Կարծում եմ, հիմնական հարցն է եւ անմիջական լուծվելիք հարցը` պետք է նաեւ միացնել Ղարաբաղի պատվիրակությունը բանակցային գործընթացի համար», - ասաց նա` ընդգծելով. - «Ես դա բացթողում եմ համարում»:

Մարիո Նալբանդյանը նաեւ համոզված է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը չի խոչընդոտի բանակցային գործընթացին եւ չի հանգեցնի պատերազմի:

«Փաստորեն, Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է, Հայաստանը ոչ իրավականորեն ճանաչել է Ղարաբաղի անկախությունը, եւ դա արդեն ինքնաբերաբար դարձել է իրականություն: Հիմա մնում է իրավական քայլը կատարելը: Եթե Հայաստանը վերջնական այդ որոշման գար եւ ճանաչեր, ես չեմ գտնում, որ դա անպայման կվերածվի հակամարտության: Չեմ տեսնում կապակցությունը մեկը մյուսին` ինչո՞ւ պիտի լինի պատերազմ: Չեմ կարծում, որ լինի, անշուշտ», - ասաց դաշնակցական գործիչը` եզրափակելով. - «Հայաստանը պետք է վաղուց ճանաչած լիներ Ղարաբաղի անկախությունը»:

Մարիո Նալբանդյանը եւ Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը օրերս Բաքվում մասնակցեցին Սոցինտերնի համաժողովին: Նրանք արդեն ամփոփել են այցի արդյունքները, եւ չնայած որոշակի միջադեպերին` այցը դրական են գնահատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG