Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 14-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը, բավարար չհամարելով կոռուպցիայի դեմ ներկայումս մղվող պայքարը, նկատում է. - «Կոռուպցիայից ազատվելու համար ծայրաստիճան քիչ են մասնակի ազատազրկումներն ու ձեռքերի համընդհանուր թափահարումը։ Կոռուպցիան վերարտադրվում է ամեն ժամ, ամեն րոպե, յուրաքանչյուր կետում, որտեղ որեւէ չինովնիկ` օգտվելով իր օրինական իրավունքից, գոնե ինչ-որ բան բաշխում ու վերաբաշխում է։ Հետեւաբար չինովնիկների գողության դեմ արդյունավետ պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե պատիժների խստացման, այլ գործող օրենսդրական նորմերի վերանայման վրա»։ Թերթը այնուհետեւ եզրակացնում է. - «Բայց առայժմ խորհրդարանը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ։ Այնտեղ քննարկվող օրինագծերից շատերն ասես դիտավորյալ մտածված լինեն այն կետերի բազմապատկման համար, որտեղից չինովնիկը կարող է հափռել եւ, հետեւաբար` կհափռի' հնարավորինս յուղոտ պատառ։ Դրա օրինակները բազում են։ Այդպես մի ձեռքով մենք մտադրվում ենք կտրել կոռուպցիայի վիշապի չափից ավելի երկարած ճիրանները, իսկ մյուսով՝ ջերմեռանդորեն ստեղծում նրան կերակրելու համար նորանոր աղբյուրներ»։

«Խոսքն ու գործը» խորագրի ներքո «Հրապարակ»-ը գրում է. - «Շատ խորհրդանշական է, որ հենց այն օրը, երբ «Անի պլազայում» ՀՀ վարչապետի մասնակցությամբ միջազգային աշխատաժողով էր ընթանում` նվիրված «խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծմանը», նույն օրը Հրազդանում մեր թղթակցին է մոտենում մի կին եւ խնդրում օգնել իր որդուն, որին 3 օր առաջ տարել են ոստիկանություն` խոշտանգել, հոսանքահարել` այնպես, որ նա հիմա դժվարությամբ է քայլում»: Թերթի թղթակիցը փորձել է տեսնել խոշտանգված տղային, սակայն ոստիկանությունում արգելել են տեսակցությունը: «Այս պարագայում ի՞նչ անուն կարելի է տալ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ «Անիում» տեղի ունեցող ժողովի մյուս մասնակիցներին, որոնք խելոք ճառեր են ասում «խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ ձեւերի» անթույլատրելիության, մարդու իրավունքների պաշտպանության, տարբեր մարդասիրական կոնվենցիաներին մեր միանալու մասին, սակայն ոչինչ չեն անում, որ այդ նորմերը կիրառվեն մեզանում»:

Մամուլում շարունակվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մրցակցությանը վերաբերող քննարկումները: «Առավոտ»-ին տված հարցազրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այս կապակցությամբ նշում է. - «Մրցակցությունը լինելու է ամբողջ քաղաքական դաշտում, բայց մենք ավելի մոտ ենք կանգնած ԲՀԿ-ի հետ, որովհետեւ նույն կոալիցիայի մեջ ենք եւ միասին ճանապարհ ենք անցել: Ես հիմա չեմ կարող ասել` ընտրություներն ինչպես կընթանան, բայց մրցակցություն անպայման լինելու է: Հայտնի խոսք կա, չէ՞, վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ: Բայց հայտնի է նաեւ, որ ոչ բոլոր զինվորներն են դառնում գեներալ, որքան էլ ձգտեն կամ խոսեն այդ մասին, այդպես էլ մնում են զինվոր, սերժանտ կամ մայոր: Հանրապետականը իր վրա է վերցրել պատասխանատվությունը մեր երկրում եւ լավի, եւ վատի համար, մենք մեր ճակատագրի մեջ գրել ենք, որ պարտավոր ենք եւ լավը, եւ վատը կրել մեզ վրա: ԲՀԿ-ի հայտարարած 50+1-ը ասում է այն մասին, որ իրենք էլ պատրաստ են վերցնել պատասխանատվությունը, այսինքն` վերցնել առաջին տեղ: Մյուս կողմից էլ, երբ կա առաջին տեղում լինելու խնդիրը, ուրեմն առաջանում է նաեւ նախագահի թեկնածուի խնդիր: Բայց ԲՀԿ-ն առայժմ չի ասում, թե ում նկատի ունի: Մենք մեր նախագահն ունենք եւ պաշտպանելու ենք մեր նախագահի թեկնածությունը, հենց դրա համար էլ ձգտում ենք լինել առաջինը եւ դրա համար էլ հայտարարում ենք, որ այսօր առաջինն ենք եւ վաղն էլ ենք լինելու առաջինը»:

«Հայկական ժամանակ»-ը «Հրաշագործ տեսանյութեր» խորագրի ներքո գրում է. - «Համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեսանյութերը կարեւոր են համակարգային արատներ բացահայտելու տեսակետից, բայց նաեւ շատ լուրջ դեր են կատարում համընդհանուր հետընթացի պատկերը երեւակելու առումով: Բոլոր դեպքերում լավ է, որ զինվորների նկատմամբ բռնություն կիրառող մայորը հիմա բանտում է, իսկ աշակերտին ծեծող ու հայհոյող ուսուցիչը` աշխատանքից հեռացված: Գնահատելի այդ սկզբունքայնության տակից, սակայն, դուրս են պրծնում իրականության ծաղիկները, որոնք պակաս մտահոգիչ չեն, քան ծեծն ու բռնությունը»:

«Հետք» շաբաթաթերթը տեղեկացնում է. - «1996 թվականից մինչ այս տարվա հունվար օտարերկրյա պետություններում առեւանգված եւ Հայաստանում հայտնաբերված ավտոմեքենաների քանակը 500 է: Այդ ավտոմեքենաներն առեւանգվել են 32 երկրներում: Իսկ հայտնաբերված 500 մեքենայից միայն 32-ն է վերադարձվել, քանի որ մեքենայի տեղափոխումը մեծ ծախս է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG