Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը մեկնաբանում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը


Տասնյակ բարեփոխումներից հետո ընտրական օրենսգիրքը կրկին փոփոխվում է՝ իշխող կոալիցիայի մաս կազմող կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Չորեքշաբթի օրը օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները հրապարակվել են խորհրդարանի պաշտոնական կայքէջում։

«Իհարկե, Ընտրական օրենսգիրքը չի կարող համարվել չի կարող համարվել դեղահաբ ցանկացած իրավիճակի համար», - կարծում է խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իսկ արդյո՞ք քննարկման դրված նախագիծը «լավ դեղամիջոց է» հիվանդությունը բուժելու համար՝ Հարությունյանը արձագանքեց. - «Մեր կարծիքով սա բավականին լավ դեղամիջոց է, սակայն չի կարող համարվել միակ դեղամիջոցը»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ «իշխանությունները պարզապես հերթական խաբեությամբ են զբաղված»։

«Մենք համարում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունը օգտակար, բայց ոչ վճռորոշ գործոն», - հայտարարեց Զուրաբյանը։

Մոտ մեկ ամիս առաջ Երեւանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ ասել էին, որ գործող օրենսդրության պայմաններում էլ հնարավոր է թափանցիկ, արդար եւ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ ընտրություններ անցկացնել՝ անհրաժեշտ է միայն, որ իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն։ Մեկ ամիս առաջ էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը առաջարկներ էին ներկայացրել եվրոպացի փորձագետներին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այդ առաջարկները ընդգրկվել են նախագծում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ծանոթ է միայն Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկներին։

«Այս փուլում այդ առաջարկները ընդգրկված չեն, եւ դրանք ենթակա են քննարկման», - նշեց խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարը։

Ընդդիմադիրները առաջարկել են ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը եւ խորհրդարանում բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով։ Այս առումով օրենսգրքում որեւէ փոփոխություն չի կատարվել։

Առաջարկներ են եղել նաեւ ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի վերաբերյալ։ Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է, որ դրանք ձեւավորի պետությունը՝ այդպիսով ստանձնելով ընտրական ողջ գործընթացի պատասխանատվությունը։ «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը առաջարկում են, որ հանձնաժողովներում հավասարապես ներկայացված լինեն իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Մինչդեռ, կոալիցիոն ուժերի մշակած նախագծի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ թեկնածուներին առաջարկում են Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եւ միայն տեղամասային հանձնաժողովներում թեկնածուներ առաջարկելու իրավունք ունեն խորհրդարանային ընդդիմադիր ուժերը։

«Սա նշանակում է պատասխանատվությունը պարզապես տարրալուծել եւ չթողնել կոնկրետ անձի վրա», - կարծում է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հարցին, թե ինչո՞ւ պետությունն ամբողջությամբ իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. - «Ես համաձայն չեմ նման հարցադրման հետ, որովհետեւ իրականում ընտրությունների պատշաճ ապահովումը հենց պետության առաջնահերթ խնդիրն է։ Ինչ վերաբերում է բուն մեխանիզմին, կարծում եմ, որ այս մոտեցումը, որը առաջարկվում է, մեզ հնարավորություն է տալու ընտրելու քաղաքական իմաստով ավելի չեզոք անձանց, մասնագետների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG