Մատչելիության հղումներ

Թուրքիան Ֆրանսիայի աջակցությունն է հայցում


Belgium -- French Foreign Minister Bernard Kouchner gives a press conference after the EU Foreign Affairs council at the EU Headquarters in Brussels, 22mar2010

Belgium -- French Foreign Minister Bernard Kouchner gives a press conference after the EU Foreign Affairs council at the EU Headquarters in Brussels, 22mar2010

Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Բեռնար Կուշները այցելել է Անկարա, որտեղ հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ։

Բեռնար Կուշների այցի նպատակն է մեղմել ճգնաժամը, որը երկու երկրների հարաբերություններում ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Ֆրանսիան վետո է դրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վրա։

Ահմեթ Դավութօղլուն երեկ լրագրողներին ասել է, որ «Թուրքիան Ֆրանսիայի ակտիվ աջակցությունն է խնդրել բանակցությունների վերսկսման հարցում»։

Թուրքիան հինգ տարի առաջ է սկսել այդ բանակցությունները, սակայն երկու հանգամանքների բերումով դրանք մտել են փակուղի: Նախ` Անկարան հրաժարվել է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Եվրոպական Միության անդամ Կիպրոսի համար: Բացի այդ, եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` նույն Ֆրանսիան, հայտնել են, որ դեմ են Թուրքիայի անդամակցությանը։

Փարիզը եւ Բեռլինն Անկարային համոզում են կառույցի 28-րդ անդամը դառնալու փոխարեն ընդունել «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակը, սակայն վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը պնդում է, որ համաձայն է միայն լիիրավ անդամության տարբերակին։

Բեռնար Կուշները ասել է, որ Եվրամիությունն ու Թուրքիան կարող են վերսկսել բանակցությունների սառեցված հարցերից երեքի շուրջ քննարկումները, սակայն դրա համար Անկարան պարտավոր է նոր բարեփոխումներ իրականացնել։ Այդ երեք բնագավառներն են` սոցիալական քաղաքականությունը, զբաղվածությունն ու մրցակցությունը։

Բանակցային փաթեթում 35 խնդիր է, որոնցից 18-ն այժմ սառեցված են, դրանցից 5-ը` հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ «Գնդակը Թուրքիայի դաշտում է»,- երեկ թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը` ավելացնելով, որ մրցակցության հարցի քննարկումը կարելի է սկսել արդեն այս տարեվերջին եւ որ Եվրամիության ներկայիս նախագահող երկիր Բելգիան կողմ է այդ առաջարկին։

Ահմեթ Դավութօղլուն, իր հերթին, ասել է, որ Եվրամիության անդամակցությունը ռազմավարական նշանակության չափազանց կարեւոր գաղափար է, որին աջակցում են Թուրքիայի հասարակության բոլոր շերտերը։ Նա Կուշներից խնդրել է աջակցություն Եվրամիություն մուտք գործող թուրքերին վիզային պարտավորությունից ազատելու հարցում։

«Վիզաների հարցում մենք ուզում ենք այնպիսի ընթացակարգ, ինչպիսին կիրառվում է Բալկանների նկատմամբ, ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է Դավութօղլուն։

Անկարան շարունակում է պնդել, որ Կիպրոսին թույլ չի տա օգտագործել թուրքական օդանավակայաններն ու նավահանգիստները, քանի դեռ չի լուծվել Կիպրոսի ամբողջ հարցը եւ կղզու թուրքական հատվածը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը, չի ստացել Եվրամիության հետ առեւտրի հնարավորություն։

Թուրքիան այդ հատվածը 1974 թվականին է գրավել, այնտեղ մեծ զորախումբ է պահում եւ հանդիսանում է միակ երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է այդ ինքնահռչակ կազմավորումը։

Բեռնար Կուշներն ու Ահմեթ Դավութօղլուն երեկ մասնակցել են Անկարայում Շարլ դը Գոլի անվան բարձրագույն դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը։

Վերլուծաբանների կարծիքով, Բեռնար Կուշների Անկարա կատարած այցը երկու երկրների կապերի բարելավման առումով էական առաջխաղացում չի ապահովի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG